Իշխանությունների համար ներկա շարժումն անսպասելի շոկ էր։ Այնպես չէ, որ նրանք տեղյակ չէին բնակչության համատարած դժգոհությունից, սակայն այնպես էին խծուծել-փակել դրա արտահայտման քաղաքական ու ոչ քաղաքական ուղիները, որ թվում էր, թե լուծել են դժգոհության արտահայտման հարցը։
և հենց դա էր պատճառը, որ դժգոհությունը բնական կանալներով արտահայտվելու, լուծումներ ստանալու կամ մերժվելու փոխարեն պայթեց։ Այժմ ակնհայտ չեն իրավիճակի լուծումները, քանի որ ուժի և սադրանքների կիրառումն այսքան լայն զանգվածների դեմ չափազանց խնդրահարույց են, իսկ իշխանությունը չունի լուծման այլ պատկերացումներ։
Հանրահավաքներում չեն հնչում քաղաքական տեքստեր։ Հայաստանի հիմնական պրոբլեմների՝ արտաքին քաղաքական կողմնորոշման, կոռուպցիայի, Ղարաբաղի խնդրի վերաբերյալ քննարկումներ չեն տարվում և լուծումներ չեն առաջարկվում, փոխարենը խոսվում է այս պատճառներով ծնված ամենամեծ խոցի՝ ժողովրդավարության ճնշման մասին, այն էլ' խիստ յուրօրինակ արտահայտչամիջոցներով։
Նիկոլ Փաշինյանը գտել է հանրության ոգևորությունը մշտապես ավելացնելու ձևերը։ Դրանք, առաջին հերթին, փոքր հաղթանակներն են՝ Ռադիոտան գրավումը, շենքերի շրջափակումը, փողոցների փակելը։ Մյուս կարևոր մեթոդը ցուցարարների մշտական շարժն է մի պետական հիմնարկից մյուսը, մի խաչմերուկից մյուս փողոցը, որն ավարտվում է երեկոյան հանրահավաքով։ Հանրահավաքները երկար ու ձանձրացնող չեն, չկա դրանց ժամանակ բովանդակություն ստեղծելու խնդիր, պարզապես կոնսոլիդացնող մի քանի ելույթներ են, տեղեկատվոթյան փոխանակություն և հայտարարություններ։ Այս պարագայում չի առաջանում հիասթափվելու և հոգնելու ֆենոմենը, քանի որ մշտապես առկա է շարժումը, և ամեն քայլը նոր փոքր հաղթանակ է թվում։
Սերժ Սարգսյանի դեմ ուղղված և մի անձով թիրախավորված բողոքը, որը ցուցարարների հիմնական գեներատորն է, աշխատում է քաղաքական պահանջի փոխարեն, քանի որ Հայաստանում ձևավորվել է շուռ տված բուրգի իշխանական կառուցվածքը, երբ ամեն ինչ պայմանավորված է մեկ անձով։ Այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանին մերժելու պահանջն ընկալվում է որպես ներկա համակարգը մերժելու պահանջ։ Բնականաբար, առանց այդ մասին շեշտելու այն իր մեջ ընդգրկում է և՛ կառավարող կուսակցության, և՛ իշխանական համակարգի մերժումը։ Հենց այն փաստը, որ ներկա շարժման հիմնական մասնակիցները երիտասարդներն են, այն մերժում է նաև հին ու իրեն սպառած արժեքային համակարգը։
Հիմա ցուցարարների համար կարևոր խնդիրն իրենց թիվն ավելացնելն ու շարժման մշտականություն ապահովելն է, նոր կառույցների, նոր լուծամների մասին խոսք չի գնում։ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված հեղկոմների ստեղծումը դեռևս չի աշխատում. մի կողմից այս արագ ընթացքի մեջ դրա ժամանակը չկա, մյուս կողմից՝ այնումենայնիվ, դա որոշակի քաղաքական ռեսուրս է պահանջում, որը դեռ չի ձևավորվել։
Միաժամանակ, ակնհայտ է, որ առաջ քաշված Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը չի կարող վերջնական նպատակ լինել այս հեղափոխության համար։ Եթե անգամ ընդունենք, որ այդ հրաժարականը եղել է, նոր վարչապետին կրկին պետք է նշանակի նույն Ազգային Ժողովը նույն Հանրապետականի մեծամասնությամբ։ Եթե անգամ առաջ քաշվի նոր ընտրությունների գաղափար, ապա ներկա ԿԸՀ-ով, Սահմանադրական դատարանով դժվար է պատկերացնել բնականոն ընտրություններ։ Այնպես որ, ձևակերպված նպատակներն ունեն լուրջ թերասածություն, ինչն իր հերթին հնարավորություն է ստեղծում բանակցությունների համար։
Դժվար է համաձայնվել այն տեսակետի հետ, թե «Նիկոլ Փաշինյանն ուզում է ամեն ինչ», քանի որ, այնուամենայնիվ, կա երկխոսության հսկայական դաշտ։ Այլ հարց է, որ իշխանությունները դեռևս պատրաստ չեն դրան, թեև կառավարական առանձնատնից Սերժ Սարգսյանի հրաժարվելը և Արմեն Սարգսյանի երկխոսության կոչն արդեն իսկ իշխանության կողմից բանակցությունների ակնարկներ են պարունակում։
Միաժամանակ, ետքայլերը և հանրային երկխոսության փորձերը դժվար են տրվելու իշխանությանը, քանի որ այս դիմակայության վիճակում այն կընկալվի որպես թուլության արտահայտություն և ավելի կուժեղացնի մյուս կողմին։ Նույնը վերաբերում է նաև ցուցարարներին, ովքեր գնալով լայնացնում են իրենց շարքերը և ետքայլի որևէ կարիք չունեն։
Աղասի Ենոքյան