Տարածաշրջանային համարյա բոլոր առաջատար պետություններն արձագանքել են Սիրիայի ռազմական օբյեկտների ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի հրետակոծմանը' իբրև պատասխան քիմիական հարձակմանը խաղաղ բնակչության մեջ, որում մեղադրում են Բաշար Ասադի կառավարությանը: Սիրիայից ու Ռուսաստանից բացի կտրուկ բացասական գնահատական տվեց Իրանը: Սիրիային սահմանակից Իրաքն անհանգստություն հայտնեց, մյուս հարևանները, որ ուղղակի կամ անուղղակի ներգրավված են ռազմական կոնֆլիկտում, ողջունեցին հրթիռակոծումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի բոլոր անդամներին կոչ արեց զսպվածություն դրևորել վտանգավոր իրավիճակում և խուսափել գործողություններից, որ կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը և խորացնել սիրիացիների տառապանքը: Բաշար Ասադին աջակցող Իրանը ռազմական գործողությունն անվանեց ագրեսիա Սիրիայի դեմ:
Նախագահ Հասան Ռուհանին զանգահարել է նախագահ Բաշար Ասադին: Իրանի կրոնական առաջնորդ այաթոլա Ալի Համենեին Սիրիայի վրա հարձակումն անվանել է հանցագործություն, հարձակման հրաման տված Դոնալդ Թրամփին, Թերեզա Մեյին ու Էմանուել Մակրոնին' հանցագործներ: Իրանի էլիտար գվարդիան հայտարարել է, որ ռմբակոծության համար ԱՄՆ-ը պատասխան կտա: Սակայն Իրանի արձագանքում զգացվում է որոշակի թեթևացում' արևմտյան երկրների հարվածները ավելի նվազ մասշտաբ ունեին, քան սպասվում էր: Սիրիայի տարածքում ռազմական կոնֆլիկտի ակտիվ մասնակից Թուրքիան հրթիռակոծումն անվանեց համարժեք պատասխան ենթադրյալ քիմիական հարձակմանը: Շաբաթ օրը Էրդողանը զանգահարել է Մեյին, որ քննարկի Սիրիայի հրթիռակոծումը և Անադոլուի տվյալներով' զգուշացրել է իրավիճակը Սիրիայում լարելուց ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:
Արաբական երկրների տեսակետները բաժանվել է: Սիրիային սահմանակից և ԻՊ-ի դեմ պայքարում ներքաշված Իրաքը անհանգստություն է հայտնել, որ Սիրիայի կառավարական օբյեկտներին հարվածները կարող են ահաբեկիչներին ձեռնտու լինել: Բաղդադն առաջարկում էր իրավիճակը քննարկել Արաբական պետությունների լիգայի համաժողովում կիրակի օրը, որ վաղուց էր ծրագրված:
Սիրիան լիգայից վտարվել է 7 տարի առաջ' ընդդիմության բողոքը դաժանորեն ճնշելու համար, երբ դեռ չէր սկսվել քաղաքացիական պատերազմը: Պարսից ծոցի պետություններից առաջինն արձագանքեց Կատարը' Դոհայի գնահատականով հրթիռակոծումը կարող է կասեցնել սիրիական վարչակարգին, որ կռվում է խաղաղ բնակչության դեմ: Սաուդյան Արաբիան ևս լիակատար աջակցություն հայտնեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գործողություններին: Հորդանանը կողմ է կոնֆլիկտի քաղաքական կարգավորման' իբրև Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովող միակ միջոցի: Ի տարբերություն արաբական երկրների' Իսրայելը լռություն է պահպանում' առանց բացատրությունների փակելով Գոլանի բարձունքների օդային տարածքը ուղևորատար ինքնաթիռների համար մինչև 1500 մետրը: Չինաստանը, ինչպես նման դեպքերում, հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ է միջազգային գործերում ուժի կիրառմանը և կողմ է պետությունների ինքնիշխանությունը, անկախությունը ու տարածքային ամբողջականությունը հարգելուն: «Ցանկացած միակողմանի ռազմական գործողություն' շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին' հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը»' հայտարարեց Պեկինը: Ենթադրյալ քիմիական հարձակման վերաբերյալ Չինաստանը գտնում է, որ անհրաժեշտ է լիակատար, անաչառ ու օբյեկտիվ հետաքննություն: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարեց. «Քիմիական զենքի օգտագործումն անմարդկային ու բացարձակապես անթույլատրելի է: Մենք լիակատար աջակցում ենք ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի դիրքորոշմանը և այդ գործողությունը գնահատում ենք անհրաժեշտ միջոց, որ իրավիճակն ավելի չվատանա»: Ճապոնիայի կառավարությունը շաբաթ օրն Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց Սիրիայի իրադարձությունները քննարկելու համար: Ռազմական հարվածի աջակցությունը հարուցեց Տոկիոյում ՌԴ դեսպանի տարակուսանքը:
Գերմանիան նախապես հրաժարվել էր մասնակցել Սիրիայի հրթիռակոծմանը, բայց աջակցություն էր հայտնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: Կանցլեր Անգելա Մերկելը հրթիռակոծումն անվանեց անհրաժեշտ ու հիմնավորված պատասխան Ասադի' սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք օգտագործելու կասկածներին: Վաշինգտոնի, Լոնդոնի ու Փարիզի գործողություններն արդարացված համարեցին Չեխիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովենիան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել էին Սիրիայի գործողությունից մեկ օր առաջ: Գերմանիան աջակցեց ռմբակոծությունը, Սերբիան' ոչ:
Ֆրանսիան ուզում է համագործակցել Թուրքիայի հետ Սիրիայի համար համապարփակ քաղաքական լուծում գտնելու նպատակով' հայտարարել է Մակրոնը Էրդողանի հետ հեռախոսազրույցում: Թեպետ Մակրոնը չի բեկանել մայիսին Սանկտ Պետերբուրգ այցը' Պուտինը շարունակում է Էրդողանի հետ քննարկել Սիրիայի հարցը և հայտարարելով, որ արևմտյան երկրների գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, իսկ Էրդողանը այդ գործողությունները համարել էր համարժեք արձագանք, Պուտինը նրա հետ ուզում է ակտիվացնել «երկկողմ համագործակցությունը Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի իրական առաջխաղացման համար»: Երկկողմ' առանց Իրանի և «իրական առաջընթացի համար»:
Ի՞նչ պայմաններով Էրդողանը կհեռանա իր գրաված տարածքներից, թե՞ սկսվելու է սիրիաթուրքական պատերազմ: Ի՞նչ է պակասում, որ Պուտինը վերջապես համարժեք գնահատական տա Էրդողանի երկակի խաղին ու իսկապես ցանկանա Սիրիայի պատերազմի ավարտ: Էրդողանը դուրս չի գալու ՆԱՏՕ-ից ու հարաբերությունները չի խզելու Արևմուտքի հետ, արժե՞ր մի քանի հրթիռ վաճառելու համար այդքան աչք փակել Թուրքիայի գործողությունների վրա Սիրիայում, որ վտանգում են Ռուսաստանի ոչ միայն հեղինակությունը, այլև' շահը: