Ես պետության ղեկավարի ու առաջնորդի ելույթ էի սպասում, ով հանգամանորեն կվերլուծեր վերջին 10 տարիների Հայաստանի անցած ճանապարհը,
ով ազնվորեն կպատճառաբաներ իշխանության կողմից հրապարակված ու իրականություն չդարձած ծրագրերի ոդիսականի մասին,
ով անկեղծորեն կխոստովաներ անցած ճանապարհի սխալներն ու ներողություն կխնդրեր ժողովրդից դրանց համար և կխոստանար այլևս երբեք չկատարել այն,
ով կհիմնավորեր նույն անձի կողմից երկու անգամից ավել երկիրը փաստացի ղեկավարելու կամարտահայտությունը,
ով հանդես կգար ծրագրային ելույթով՝ առաջիկա տարիների Հայաստանի զարգացման տեսլականի մասին՝ հստակ ուղերձով կենսական նշանակություն ունեցող հարցերի մասին…

Ցավո՛ք, այդպիսի ելույթ այսօր չի հնչել…

Ի՛նչ խոսք, ցանկացած երկրում իշխանությունը ցանկանում է պահպանել սեփական իշխանությունը, եթե հնարավոր է՝ նաև հարատև…
Առանձնահատկությունն իշխանությունը պահելու կամ վերցնելու ձևերի ու մեթոդների մեջ է:

Պահու՞մ եք իշխանությունը, պահե´ք, բայց բարի եղեք Ձեր քաղաքական օրակարգը ձևակերպել հստակ, թե ի՞նչ եք ուզում Դուք վերջապես, բացի հավերժ իշխելուց, որպեսզի մեզ նման ՛՛ոչ մի բան չհասկացողները՛՛ հետևություն անեն՝ մնա՛ն, որ ապրե՞ն, թե՞…

…Սրանով հանդերձ, մեր ժողովրդին այդպես էլ չի տրվում այն հարցերի պատասխանները, թե այս նոր իշխանության կառավարման ժամանակաշրջանում Հայաստանը ձեռնարկելու՞ է, արդյոք, իրական քայլեր՝ ստորագրելու Արցախի հարատև ու արժանապատիվ խաղաղության պայմանագիրը, լուծվելու՞ է, արդյոք, հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու խնդիրը, Հայաստանը դառնալո՞ւ է իսկապես իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան և սոցիալական պետություն, թե՞ ոչ…

Երազի՛ իմ երկիր հայրենի…