Նիկոլ Փաշինյանի 14+4-ի ամենավճռական օրն է այսօր' 17-րդը: 14 օր քայլելուց հետո նա երեք օր ուներ Երևանում տրամաբանական ավարտին հասցնելու իր նախաձեռնությունը' «իմ քայլը», որ պիտի դառնար բոլոր նրանց քայլը, որ չեն ուզում վարչապետ ունենալ Սերժ Սարգսյանին: Եվս 3 օրում Նիկոլ Փաշինյանը պիտի իր խոսքով ու գործողություններով բազմապատկեր կողմնակիցների թիվը, որ 18-րդ օրը դառնար նպատակի կատարման օր:

Գործնականում 3 օրը քամուն տվեց 14 օրում հավաքած կապիտալը: Եթե երկու շաբաթ ճանապարհորդությունը Գյումրիից Երևան նրա ու ՔՊ-ի շուրջ ստեղծել էր պայքարի այս տարբերակի նկատմամբ համակրանքի ու հարգանքի տրամադրություն, քաղաքական ինչ-որ ակնկալիք, 3 օրում ակնհայտ դարձավ, որ իշխանափոխության ծրագիրը ծրագիր չունենալն ու առավոտյան սուրճ խմելիս անելիքը որոշելն է:

Նիկոլը նախապես հայտարարեկ էր, որ չի լինելու երևանյան զբոսանքներ, սակայն ականատես եղանք հակառակին: Նա Ազատության պողոտայով հասավ Ազատության հրապարակ ու գործողությունների վայրը տեղափոխեց Ֆրանսիայի հրապարակ' մեծ ու ռազմավարական փոփոխություն էր, բայց դա արդեն եղել է' Էլեկտրիկ Երևանի օրերին: Երեք օր Նիկոլ Փաշինյանը մենակ է ասպարեզում' ինքն իրեն և սցենարիստ է, և ռեժիսոր, և դերասան, և շնորհակալ հանդիսատես:

Երեք օր շեփորվում է, որ ՔՊ-ին են միացել ամբողջ շարք ընդդիմադիրներ ու նրանք ընդհանրապես ասպարեզ չեն գալիս: Մեղմ ասած' դա նշանակում է, որ նրանք իրենց ծրագրերով դուրս են մղվել պայքարից: Հիմնավորում էլ կա' 2 շաբաթում նրանք այնքան մարդ չհավաքեցին որքան իր հետ բերեց Ն. Փաշինյանը: Հարց' ուրեմն նրանք գործընկե՞ր են, թե՞ բալաստ: Երեք օրում Նիկոլը մի քանի անգամ Ֆրանսիայի հրապարակ է հրավիրում «Ելք»-ի գործընկերներին' հայտարարելով, որ բոլոր ընդդիմադիրները պետք է միավորվեն, ինչու՞ նա մեկ անգամ գոնե հրապարակ չի կանչում ԲՀԿ-ին' ԱԺ ամենամեծ ընդդիմադիր ուժին: Իվերջո, ԲՀԿ-ի հրապարակ գալը նաև կհեշտացնի գործը Աժ-ում: Ինչու՞ Նիկոլը չի դիմում ԲՀԿ-ին, առավելևս հայտնի է, որ նրանք դեմ են քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Ի՞նչն է խանգարում: Երեք օրում Փաշինյանը ոչ մի ծրագիր չհրապարակեց' բացի «ՀՀԿ-ական գտեք, որ շրջափակեմ»-ից: Բայց դա ծրագիր չէ, Ծրագիր դժվար է անվանել և ապրիլի 15-ի երեկոյան հրապարակվածը: Փաշինյանը և կոչ արեց արգելափակել Երևանի ծայրամասերը կենտրոնին կապող բոլոր կամուրջները ու պատկերավոր նկարագրեց:

Մի խոսքով' բանկերից կանխիկացնել գումարները, դասադուլ և գործադուլ հայտարարել, մարդիկ աշխատանքի չեն գնում' քաղաքում խցանում է, չեն գնում աշխատանքի, բայց գալիս են ԱԺ։ «Երիտասարդները կարող են տրոլեյբուսների շտանգաներն իջեցնել, ավտոբուսների առաջ պառկել, ոչ մեկին չվիրավորել, ներողություն խնդրել անհարմարությունների համար», - հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ այս գործողությունները տեղի են ունենում անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ գիշերը Ֆրանսիայի հրապարակի նկատմամբ ինչ-որ գործողություններ տեղի ունենան: Սա կամ հիմքում ունի խելագարության կանխավարկածը, կամ' խորին համոզումը, որ բոլորն այսօր արթնանալու են 8.15 փողոց դուրս գալու ու մեքենաների տակ պառկելու, մետրոյի դռները բռնելու, տրոլեյբուսների շտանգաները իջեցնելու համար: Իհարկե, մի 1000 հոգի կարող են կամուրջին մեքենան կանգնեցնել, դռները փակել ու տուն գնալ կամ 4-5 հոգով ևս մի խաչմերուկ փակել:

Ոստիկանությունը բոլոր իրավունքներն ունի ճանապարհն ազատել, նրանց բերման, ավելի ճիշտ' տարման ենթարկել ու հետո ազատ արձակել, կամ տուգանել: Թե այդ ընթացքում ինչ բախումներ կլինեն ու ինչքան մարդ կտուժի, ոչ ոք չի կարող կանխատեսել, ամեն պահ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ' մարդկային գործոնի պատճառով: Հետո՞: Հետո Նիկոլը, որ անձեռնմխելիության մանդատ ունի, ձեռնմխելի քաղաքացիներին կասի' ես ձեզ ցույց տվեցի ցանցային քաղաքացիական անհնազանդության ձևերը, դուք արդյունքի չհասաք, ինձնից ի՞նչ եք ուզում: Բոլորին կասի ու ինքը կմեղադրի: Արժե՞ր 14 օրում 212 կիլոմետր անցնել' այդքանն ասելու համար: Թե՞ կա այլ նպատակ:

Եթե Փաշինյանին հաջողվում է իր քաղաքացիական ցանցային անհնազանդությունը ու պատգամավորների ԱԺ մտնելը, ձախողվու՞մ է Սերժ Սարգսյանի թեկնածության քննարկումն ու ընտրությունը: Գործող Սահմանադրությամբ' ոչ: ԱԺ նիստերի անցկացման բռնի ձախողումը և դրա հետևանքով վարչապետի ընտրության հետաձգումը չի կարող հիմք լինել Աժ-ն ցրելու: ԱԺ նիստը կարող է անցկացվել այնպիսի վայրում, որտեղ խոչընդոտներ չկան: Աժ նիստի հնարավոր չկայացման պարագայում' նիստը կգումարվի խոչընդոտների վերանալուց անմիջապես հետո: Ենթադրենք նիստը չի կայանում, թեպետ այս ճանապարհով բացառվում է, հաջողվում է սահմանադրական ճանապարհով հասնել խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրությունների, ի՞նչ ծրագիր է նա ներկայացնելու իբրև ապագա վարչապետ: Եթե Նիկոլին ոչինչ չի հաջողվում, պատրա՞ստ է մանդատը վայր դնել ու հեռանալ ոչ միայն խորհրդարանից, այլև' քաղաքականությունից: Իշխանափոխության նրա «փորձը» գոնե մեկ արդյունք պիտի ունենա' ասպարեզը մաքրի քաղաքականություն խաղացողներից ու սեփական անձի պաշտամունքը ժողովրդին ծառայելու հետ շփոթողներից:

Հ.գ. Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ իրավախախտումներով քրեական գործեր են հարուցվելու: Դա կլինի Նիկոլի միակ փրկությունը' դատ, դատարան, բոցաշունչ ելույթներ ու հերոսի փառապսակ: Այդ ժամանակ արդեն ո՞վ կհարցնի, թե իշխանափոխությունն ի՞նչ եղավ: