ԱՄՆ-ում մի օրենք կա՝ համաձայն որի՝ եթե հանցանք կատարելիս մարդ է զոհվել, պատասխանատվություն է կրում ոչ միայն մահվան ուղղակի պատասխանատուն, այլ նաև հանցակիցները, բոլոր նրանք, ովքեր օժանդակել կամ նույնիսկ պարզապես խրախուսել են հանցագործությունը: Թվում է, թե տրամաբանական բան է, բայց երբ կոնկրետ օրինակներով ես դիտարկում խնդիրը, պարզ է դառնում, թե ինչու է ԱՄՆ-ում աշխարհի պատմության մեջ ամենամեծ ազատազրկված բնակչությունը:
Ուրեմն՝ չորս ընկերներով մտնում եմ մասնավոր տուն կողոպուտի նպատակով: Վրա հասած ոստիկանների հետ փոխհրաձգություն է սկսում, որի արդյունքում կողոպտիչներից մեկը սպանվում է ոստիկանի կողմից: Կողոպտչի սպանության պատասխանատվությունն ԱՄՆ օրենքով կրում են հանցակիցները, որովհետև ոստիկանը ստիպված չէր լինի սպանել կողոպտչին, եթե նա իր հանցակիցների հետ միասին հանցանքի չդիմեր: Վերջերս մի 15 տարեկան երիտասարդ տենց 65 տարվա սռոկ ստացավ: Ընդ որում, եթե հանկարծ ապացուցեցին, որ կար մեկը, ով իրենց խրախուսել է, օրինակ՝ ընդամենը ասելով․ «Էսի սպիտակների երկիրն ա, ռեժիմը մեզ ուրիշ տարբերակ չի թողում», այդ մեկին էլ կդատեին կողոպտչի սպանության համար:
Ավելի պատկերավոր ասեմ, որ հասկանաք։ Օրինակ, երբ երկու տարի առաջ ՊՊԾ-ում ահաբեկիչները ոստիկան էին գնդակահարում, այդ սպանությունը որևէ կերպ խրախուսած մարդկանց նույն սռոկն էին տալու, ինչ որ կտային հենց գնդակահարողին: Բայց եթե, օրինակ, գրոհի ժամանակ զինյալ սպանվեր, նույնիսկ այդ զինյալի մահվան համար պատասխանատվություն կկրեին զինյալներն ու իրենց աջակցած կամ խրախուսած հանցակիցները: Իհարկե, ՊՊԾ-ի նման դեպքը ԱՄՆ-ում միանգամից կընկներ հակաահաբեկչական օրենսդրության տակ, ու կմոռացվեին բոլոր տեսակի իրավունքները և այլն: Բայց դա այլ պատմություն է:
ԱՄՆ հզորության ակունքներում կան, իհարկե, օբյեկտիվ աշխարհագրական և պատմական նախադրյալներ, բայց դրա հետ մեկտեղ այդ հասարակության անհանդուրժողականությունն օրինազանցության նկատմամբ ոչ պակաս դեր է խաղացել այդ երկրի կայացման գործում: Չկա գերտերություն, որը կառուցվել է մարդասիրության հիման վրա: Ցավոք, նույն ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները մեզ այլ բան են փորձում հրամցնել: