Սիրիայի տարածքի այսօրվա հրթիռակոծման կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարության ողջունող հայտարարությունը, որտեղ նաև մեծ պաթոսով նշվում է, թե այդ գործողությունը «մարդկային խղճի դրսևորում» է, բավական երերուն կացություն է ստեղծում սիրիական հիմնախնդրում Ռուսաստան-Իրան-Թուրքիա գործակցության հետագա ճակատագրի առումով։
Ակնհայտ էր, որ այս «եռյակի» ձևավորումը, թեև իրավիճակային բնույթ ուներ, սակայն առնվազն իրանական կողմից դրանում Թուրքիայի ներկայության առումով կային լուրջ վերապահումներ, և նախագահ Հասան Ռուհանիի քաղաքական թիմից հսկայական ջանքեր էին պահանջվում Իրանի ներսում՝ նաև հասարակական մակարդակում հիմնավորելու Սիրիային առնչվող գործընթացներում թուրքական ներգրավվածության և թուրք-իրանական շփումների անհրաժեշտությունը։
Թուրքիայի նման արձագանքից հետո Իրանում ավելի են ամրապնդվելու այն քաղաքական և հասարակական շրջանակների դիրքերը, որոնք կտրականապես դեմ են Անկարայի հետ որևէ ձևաչափով Թեհրանի համագործակցությանը՝ համարելով, որ նույնիսկ Սաուդյան Արաբիայի հետ պայքարում ծախսվող մարդկային և ֆինանսական ռեսուրսների մի զգալի հատվածը պետք է տեղափոխել թուրքական ուղղություն։