Մի քանի անգամ սնանկացած և հարստացած Թրամփը՝ որպես բիզնեսմեն, որպես անձ, շատ ռիսկային է, հանդունգն ու անկանխատեսելի:
Հիմա էլ բիզնեսմենի իր այդ ոճով նա մխրճվել է համաշխարհային քաղաքականություն, միջպետական, դիվանագիտական հարաբերություններ և համաշխարհային պատերազմի հնարավորությունը, վտանգը, հակամարտությունը «ջանադրաբար» մոտեցնում է որքան հնարավոր է՝ իրեն շրջապատելով ռազմատենչ գեներալ խորհրդականներով:
Երբեք երկրագունդն այսքան մոտ չի եղել համաշխարհային պատերազմին, որքան հիմա… Սիրիան կամ ավելի շուտ՝ սիրիական նավթը, տարածաշրջանն առհասարակ խիստ կարևոր է ԱՄՆ-ի համար՝ իր համաշխարհային ազդեցությունն ամրապնդելու և Ռուսաստանին վերջնականապես ծնկի բերելու համար: Ռուսաստանն էլ է գիտակցում այդ և ամեն գնով փորձում է ամրապնդվել այնտեղ…
Առճակատումը մեծ է և հղի վտանգներով։ Օգտագործվում են փոխադարձ վարկաբեկման, նույնիսկ նսեմացման անբարոյական բոլոր միջոցների հնարավորություններն ու ողջ զինանոցը…
Հուսանք, որ, այնուամենայնիվ, պատերազմի չի հասնի, որ Թրամփը կսթափվի, և որ կամ այդ ամենն ընդամենն աշնանը կայանալիք ընտրությունների հետ է կապված, ընտրողների մոտ մաչո երևալու, համարձակ ղեկավարի տպավորություն ստեղծելու և ապագա ձայների ապահովման նպատակ է հետապնդում…
Սակայն իրավիճակն իրոք վտանգավոր է և անկանխատեսելի ու կայծի դեր կարող է խաղալ նաև ցանկացած անմտածված քայլ տարածաշրջանի երկրների կողմից… Ինչևէ, հուսանք, որ ողջախոհ կլինեն…