Ձևական ենք դարձել։ Ձևական ու ձևապաշտ։
Ի՞նչն է պատճառը որ ցուցամոլությունն ու լավ երևալու ձգտումը մեզ այսքան վարակել են։ Եթե հարսանիք է՝ ապա պարտքով, միայն թե նկարահանման նյութ լինի, եթե թաղում է, ապա այնպիսի մի գերեզմանաքար, որ մեռնողը քարի ծանրության տակ շուռ գա, իսկ ծախսերի տակից դուրս գալն էլ տարիներ տևի։

Ու՞ր են մեր հին չափի մեջ հարսանիքները, երբ ծնող ու բարեկամ այնպիսի կենացներ էին ասում, որ նրանց ազդեցության տակ նորապսակները, իրոք, մի բարձի վրա էին ծերանում։ Իսկ հիմա՞։ Հարսանիքը դառնում է միջոցառում՝ ու բոլորը՝ քավորի գլխավորությամբ՝ դերասաններ են։ Հետո ամուսնալուծվում են ու նոր հարսանիք կազմակերպում։ Էս ի՜նչ շատ են հարսանյաց ու սգո հանդեսի տները Երևանում։ Կարծես թե մարդը ծնվում է ամուսնանալու ու մեռնելու համար։ Իսկ քաղաքացի լինել, Երկիր կառուցել, նրա հետ համատեղ հզորանալ, երջանկանալ, գիտնական լինել, հայտնագործություն անել, նոբելյան մրցանակ ստանալ, աշխարհներին տեր դառնալ, Երևանից համաշխարհային պրոցեսներ ղեկավարել՝ մեզ համար չի՞։ Մերը՝ պահած տոյոտա առնելն է աջ ղեկո՞վ։
Չեղավ, ընկերներ։
Իսկապես չեղավ։

Թաղումներն էլ նույնն են։ Սև կտավ քաշած հասարակ դագաղից աղքատության հոտ է գալի՞ս թե՞ անճաշակության։ Չէ, չեմ քննադատում, բայց սովետ միությունը փաստոեն լավն էր, հային՝ բարոյապես իջնելու առիթ չէր տալիս, այլ բարձրացնում էր այնպես, որ Խորհրդային միության լավագույն հանրապետություններից էինք։ Հիմա, երբ մենք մեզ ենք տրամադրված, արդյո՞ք ժամը չի ինքներս մեզ բարձրացնելու։ Թե՞ սպասելու ենք, որ մի նոր հրոսակ մեր միջով անցնի ու մենք այդ մասին նոր պոեմներ գրենք։

Իսկ էս թաղումների ու գերեզմանատեղերի հարցը մեր օրակարգի առաջին հարցերից է։ Մեր երկրում շուտով մարդկանցից ավելի շատ շիրմաքար է լինելու։

Ո՞վ է այս մասին մտածում։