Ապրիլի 5-ին, Ավագ Հինգշաբթի օրը, առավոտյան ժամը 11-ին, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Հակոբյանց Մայրավանքում՝ ձեռամբ Սուրբ Աթոռի Լուսարարապետ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Ապա կեսօրից հետո, ժամը 2:30-ին նույն տաճարում կատարվեց Ոտնլվայի արարողություն՝ հետևողությամբ Քրիստոսի ձեռքով Իր աշակերտների ոտքերը լվանալու օրինակին:

Հիսուսն Իր աշակերտներին տվեց սիրո և խոնարհության գերագույն ու գործնական օրինակ՝ նրանց ոտքերը լվանալով: Հստակ է Քրիստոսի տված պատգամը Իր աշակերտներին և այսօր նաև մեզ: Այս արարքով Հիսուս մեզ խոնարհ լինելու և բոլորին անսակարկ սիրով ծառայելու պատգամ փոխանցեց, քանի որ, ով ուզում է մեծ լինել, պետք է բոլորի սպասավորը լինի: Այս դրվագի պատկերավոր կատարումն է, որ այսօր տեղի է ունենում մեր եկեղեցիներում:

Սուրբ Աթոռի Լուսարարապետ՝ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը մեծ վայելչությամբ զգեստավորված կանգնեց սուրբ խորանի մեջտեղում, իսկ նրա երկու կողմերում շարքով կանգնեցին տասներկու վարդապետներ, ի նշան տասներկու առաքյալների: Արտասանված կանոնական աղոթքներից ու երգված շարականներից հետո վարդապետները հերթով մոտեցան Սրբազան Հորը, որ նրանց ոտքերը ջրով լվանալուց հետո, օծեց նաև յուղով, օրինակ՝ Մարիամի կողմից Քրիստոսի ոտքերը օծելուն:

Ոտնլվայի արարողության շարականները գեղեցիկ կերպով կատարեցին Սուրբ Աթոռի Ժառանգավոր սաները, ուրարակիրներն ու սարկավագները, որոնք հագել էին 18-րդ դարի արծաթ-թել ու ոսկեթել բացառիկ շապիկներ, որոնք գործածվում են տարվա մեջ միայն մեկ անգամ՝ Ոտնլվայի արարողության ժամանակ: Ոտնլվայի վերջին Ավետարանը կարդում են նախ՝ Ոտնլվայի արարողությունը կատարող Սրբազան Հայրը՝ հայերեն և ապա Անգլիկան արքեպիսկոպոսը՝ անգլերեն: Արարաղության ավարտին ներկաներին բաժանվում է օրհնված յուղ, որոնք իրենց հետ տուն տանելեվ քսում են իրենց ընտանիքի անդամների և հատկապես հիվանդների ճակատին, աչքերին, ականջներին կամ մարմնի ցավող մասերին՝ բժշկություն ստանալու հավատքով: