Այսօր ամբողջ աշխարհը նստած է ոչ կառավարական աղբյուրներից եկող փողի վրա։ Աշխարհում Միլիարդավոր դոլարների ներդրումներ են տարբեր բիզնեսներում ու նման ծրագրերի հնարավորություն Հայաստանն իսկապես ունի։ Ես Երևանի Հյուսիսայի սրճարաններից մեկում նստած չէ, որ այս մասին գրում եմ, ինչը ենթադրում է, որ ասածս զուտ տեսական պատկերացումներ չեն։ Իսկ ի՞նչն է խնդիրը, որ այդ ֆոնդերից գումարների մեծ հոսքեր չկան դեպի մեր համայնքներ․ չզարմանաք, բայց խնդիրը զուտ տեխնիկական է, զուտ համապատասխան որակավորում ունեցող մարդկային ռեսուրսի խիստ սակավ լինելը։
Շատ հեշտ է համայնքին կամ ակտիվ երիտասարդի ասել թե ծրագիր գրի, ավելին՝ գրի ծրագիր ու ինքդ դիմի։ Այստեղ ելակետային մոտեցումը պետք է լինի նախ շահագրգիռ սուբյեկտներին պատրաստելը, սկսած օտար լեզվի ուսուցումից, կամ այդ հարցն օրինակ՝ Բրյուսովի ուսանողների միջոցով լուծելուց։
Շատերս եղել ենք Հայաստանից դուրս, տեսել ենք կայացած հայերի, որոնց համար մեկ մլն դոլար այս կողմ, մեկ մլն այն կողմ, հոգ չէ, բայց այդ մարդիկ ուզում են կոնկրետ բիզնես առաջարկներ, հաշվարկված ու հիմնավորված ուստի շատ օգտակար կլինի, որ բիզնես ծրագրեր գրելու զուտ տեխնիկական հարցը լուծելուն զուգահեռ իրականացվի նաև այսպես ասած՝ հայ մեծահարուստների գտնվելու վայրի քարտեզագրում աշխարհի մասշտաբով։ Մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ-երկու հոգու այս պահին կհիշի իր ծննդավայրից հեռացած ու դրսում լուրջ կարողությունների տեր մարդկանց, այս մարդիկ իսկական գանձ կարող են դառնալ Հայաստանի զարգացման համար, ուղղակի պետք է աշխատել նրանց հետ ու բերված փողի անունը դնել ներդրում, այլ ոչ թե ԿՊՑՆԵԼ։ Իրականում 21-րդ դարն իսկապես կարող է մերը լինել, ցանցային աշխատանքը պետք է դրվի համակարգային հիմքի վրա։