Այսօր Երևանի կենտրոնը ողողված է Իրանից մեր մայրաքաղաք ժամանած հյուրերով: Նրանք այստեղ են եկել նշելու իրենց տոնը՝ Նովրուզը, և եկել են հիմնականում ընտանիքներով: Հիմա արդեն ոչ մեկի չես զարմացնի այն փաստով, որ Հայաստան մեծամասամբ զբոսաշրջիկներ են գալիս մեր հարավային հարևան Իրանից, և գալիս են սիրով ու հաջորդ անգամ կրկին վերադառնալու պարտադիր ակնկալիքով: Սակայն, պարզվում է, կա հստակ խնդիր, և դա՝ զբոսաշրջիկներին պատշաճ և բազմակողմանի տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունն է, որը մեզ մոտ դեռևս ցածր մակարդակի վրա է:
Իրանում երկրորդ լեզուն անգլերենն է, և ինչքան էլ որ անցած տարիների ընթացքում առնչվել ենք Երևանում նրանց հետ՝ իրանցիները բոլորն էլ անխտիր տիրապետում են անգլերենին: Որոշները գուցեև ոչ այնքան լավ, բայց, համենայնդեպս, մինիմալ բառապաշարով հարցեր են տալիս և նույնքան էլ կարողանում են հասկանալ տրված պատասխանը: Իսկ հարցերը հիմնականում վերաբերում են հուշարձաններին, շենքերին, հրապարակներին, պուրակներին և այլն: Այդ առումով իրանցիները մշտապես նշում են, որ քաղաքում շատ քիչ կան անգլերեն լեզվով ինֆորմատիվ ցուցանակներ:
Որպես օրինակ բերենք թեկուզ Օպերայի հրապարակը, որը, թերևս, Երևանում իրանցիների համար լուսանկարվելու ամենասիրված վայրն է: Այստեղ, հրապարակի մոտակայքում, ոչ մի տեղեկատվություն չկա շենքի մասին՝ ո՞վ հեղինակը, ե՞րբ է այն կառուցվել: Նույնը կարելի է ասել նաև Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանների մասին: Բազում անգամ ականատես եմ եղել, երբ իրանցիները ինչ որ մեկին հարցնում են, թե ու՞մ արձաններն են այստեղ տեղադրված: Պատասխանողն էլ պետք է մոտենա ու կարդա արձանի վրա եղած հայերեն մակագրությունը (որովհետև շատ դեպքերում ինքն էլ չգիտի), որ կարողանա ճիշտ պատասխանել հյուրերին: Էլ չեմ ասում արձանների հեղինակների մասին. շատ քչերն են տեղակացված, որ մայրաքաղաքի զարդերը համարվող այս երկու արձանների քանդակագործներն են մեր դասականներ Արա Սարգսյանն ու Ղուկաս Չուբարյանը: Իսկ ահա մեր հյուսիսային հարևանների՝ վրացիների մոտ այլ պատկեր է՝ Թբիլիսիի բոլոր տեսարժան վայրերում առկա են ցուցանակներ վրացերեն և անգլերեն լեզուներով:
«Ազատություն» ռադիոկայանի ուշագրավ տեսանյութը ցայտուն կերպով ներկայացնում է վերը նշված և նմանատիպի այլ խնդիրները, որոնք առկա են մեզ մոտ: Ահա իրանցի զբոսաշրջիկը մի զավեշտալի դեպք է պատմում. «Ամենամեծ խնդիրը ձեր մոտ՝ անգլերենով շփվելն է: Ամեն տեղ անգլերեն գիտեն, բայց Հայաստանում անգլերեն քչերը գիտեն: Անգամ ոստիկանները չգիտեն անգլերեն: Մի անգամ ոստիկանից հարցրի՝ հրապարակը որտե՞ղ է. դրա համար ինձ տարան բաժին և երեք ժամ հարցաքննեցին»: Մեկ այլ զբոսաշրջիկ էլ զարմացած ասում է. «Երևանում ոչ մի մշակութային ծրագիր չեն առաջարկում զբոսաշրջիկների համար, ինչպես, օրինակ, դա արվում է Թուրքիայում կամ Վրաստանում»: Այնպես որ, այս բոլորը՝ այն հարցադրումներն են, որոնք, անկասկած, դեռևս պարտադիր շտկման կարիք ունեն: