• Ամեն անգամ, երբ գեղարվեստական ոճի տեքստերում կարդում կամ լսում եք, որ «անհնար էր թվում Շուշիի նման տեղանք և ամրացում ունեցող բերդաքաղաքի ազատագրումը», իմացե՛ք, որ այդ պնդման մեջ ճշմարտության մեծ բաժին կա, ինչից, սակայն, չի հետևում, թե 1992 թ․ մայիսին տեղի ունեցածը «հրաշք» էր կամ հետևանք «հայի ոգու զորության»։ Մտածողական այսպիսի սխալանքները կոչվում են «աստվածայնության սխալ» («divine fallacy»), երբ զրուցողը, չկարողանալով բացատրել իրերի պատճառահետևանքային կապերը, դրանց վերագրում է տրանսցենդենտ, «վերմարդկային» ծագում։


• Շուշիի ազատագրման դեպքում խնդիրն այն է, որ այն տեղի չի ունեցել այնպես, ինչպես լայն զանգվածներին թվում է՝ դիմահար գրոհ, քաղաքային մարտեր և այլն։ Եթե փորձ արվեր Շուշիին տիրելու այդ եղանակով, ապա, այո՛, նման տեղանք ու ամրացում ունեցող բերդաքաղաքն անհնար կլիներ ազատագրել։ Իրականում դիմահար գրոհող երկու ուղղությունների մարտիկներն էլ կատարել են օժանդակ առաքելություն՝ ապակողմնորոշելով և կաշկանդելով թշնամական ուժերը, սակայն քաղաքի անմիջական պարպմանն ուղղակիորեն չեն մասնակցել։ Թե՛ մայրուղու ուղղությամբ առաջացող ուժերը (հրամ․՝ Վալերի Չիթչյան), թե՛ Շոշից անտառներով առաջացող ուժերը (հրամ․՝ Արկադի Կարապետյան՝ «Դաշնակ Ագո») գրոհի առաջին իսկ ժամերին, գնահատելով մարտավարական իրավիճակը և համապատասխան հրահանգ ստանալով Արկադի Տեր-Թադևոսյանից, կանգ են առել և դիրքեր զբաղեցրել քաղաքից շուրջ 2-4 կմ հեռավորության վրա։ Մայրուղու ուղղությամբ հայկական ուժերի առաջխաղացումը դադարել է նախավերջին լայնակի շրջադարձի մոտ՝ Ավշարյանի տանկի խփվելուց անմիջապես հետո հենց նույն վայրում (հղումն՝ այստեղ), իսկ Շոշի ուղղության առաջխաղացումը դադարեց, երբ առաջին վաշտի (հրամ․՝ Աշոտ Ղուլյան՝ «Ասկոլկա») մարտիկները խաչաձև կրակի տակ ընկան բանտի պատերի տակ և հետ նահանջեցին ելման դիրքեր (հղումն՝ այստեղ)։

• Անշուշտ, այս երկու ուղղություններն ունեին ահռելի նշանակություն թշնամուն ապակողմնորոշելու և վերջինից հավելյալ մարդկային ռեսուրս խլելու առումով։ Սակայն քաղաքի պարպմանը նպաստել են հիմնականում Կարագյավ-Ջանհասան-Քյոսալար (հրամ․՝ Սեյրան Օհանյան) և Քիրս-Զառսլու-Լիսագոր (հրամ․՝ Սամվել Բաբայան) ուղղություններով գործող մարտիկները։ Առաջիններին հաջողվեց մոլորեցնել թշնամուն՝ Ջանհասան-Քյոսալարի պաշտպանության համար ադրբեջանական ուժեր դուրս քաշելով Շուշիից, որոնք ընկան վաղօրոք պլանավորված շրջապատման մեջ՝ անհրաժեշտ պահին չկարողանալով օգնության վերադառնալ պաշարված Շուշի։ Պաշարվածները հաջորդ ծանր հարվածը ստացան մյուս ուղղությունից, որի մարտիկները, զբաղեցնելով Զառսլու-Լիսագոր բնագիծը, դուրս էին եկել Լաչին-Շուշի մայրուղի՝ արգելակելով Լաչինից եկող օգնությունը։ Շուշվա ազատագրման գործում վերջին դերը չեն խաղացել նաև Գորիս-Կոռնիձոր ուղղությունից Ղուբաթլու-Լաչին ճանապարհի ուղղությամբ Դնեպրիկ Բաղդասարյանի հրետանային զորամիավորման (ինքնաձեռնա՞րկ) կանխարգելիչ հարվածները, ինչպես նաև Լաչին-Շուշի ճանապարհով համալրման գնացող ադրբեջանական ուժերի խոցման գործում Վազգեն Սարգսյանի հրամանով հայկական օդուժի ներգրավումը։


• Ստանալով Ջանհասանում շրջափակման մեջ ընկածների և Լաչինից օգնության անհնարինության մասին լուրերը՝ Շուշվա ադրբեջանցիներին այլ բան չէր մնում, քան մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը միակ ազատ թողնված ճանապարհով հեռանալ Լաչին։

• Դրանից հետո արդեն առաջին երկու ուղղությունների մարտիկները մտան քաղաք և տեղի ունեցավ ու վավերագրվեց այն, ինչ դուք տեսնում եք պատմական կադրերում՝ Շուշվա բերդապարսպին կանգնած Դուշման Վարդան, հրդեհի մեջ մխացող խանութներ, «դասատուների ու բժիշկների շենքի» (ներկայումս՝ «հիմնադրամի շենք») ու շուկայի առջևով սուրացող հայկական զրահամեքենա, Ղազանչեցոցի վրա ամրացվող հայոց եռագույն և խորանի առջև հեկեկացող կոժից կուրտկով մի մարդ՝ Ամարասի Արթուր։