Այն որ Ռուսաստանի հայ /այդ թվում Հայաստանում ապրող/ քաղաքացիները պետք է ու սրբազան իրավունք ունեն քվեարկելու նախագահական ընտրություններում, կասկածից վեր է: Հարցը այլ դաշտում է՝ ինչ են ընտրում ու հանուն ինչի: Ես դժվար թե կարողանամ նրանցից որևէ մեկին մեղադրել, թե ինչու է նա իր քվեարկությունը կատարելիս մտածում թոշակի, Ռուսաստանում աշխատանքային պայմանների և այլ բաների մասին: Անգամ, եթե գտնում է, որ, օրինակ, Պուտինը ճիշտ է անում, որ աշխարհի վրա մատ է թափ տալիս: Եվ նախկինում, և այժմ էլ իմ խնդիրը այն մտածողության հետ է, որ դրա կրողները մտածում են, որ իրենց այդ նպատակների համար Հայաստանը, Արցախը ու նրանց ինքնիշխանությունը պատանդ են: 2013-14-ին ոմանք ճչում էին՝ թե մի մոռացեք, որ Ռուսաստանում 1.5-2 միլիոն հայ է ապրում: Չենք մոռանում, եղբայրներ և քույրեր:


Այնտեղ ես/մենք էլ եղբայրներ ու քույրեր ունենք: Բայց դուք էլ մի մոռացեք, որ Հայաստանում ու արցախում 3 միլիոն հայ է ապրում, որոնք չեն ուզում հեռանալ այդ հողից ու նույնպես ապագա, անվտանգություն ու պաշտպանվածություն են ուզում: Ես անչափ կցանկանամ, որ մեր բոլորիս՝ Հայաստան-Արցախ-Սփյուռքի մոտ օրակարգը նույնը լինի, կամ եթե ոչ 100 տոկոսով, ապա օրակարգում լիքը նպատակ ընդհանուր լինի: Իսկ այդպիսիք հաստատ կան: Բայց չի կարող Սփուռքի մի հատված, որտեղ էլ լինի, Ռուսաստան թե այլուր, իր օրակարգը ու շահերը պարտադրի մյուս կողմին՝ առավել ևս հենց պետություն հանդիսացող կողմին, նրան պարտադրելով հանուն իր անձնական կամ խմբային նպատակների, ենթարկեցնել մյուսների նպատակներն ու իրավունքները: Ինչ վերաբերում է Պուտին ընտրողներին, ուղղակի ձեր քվեն քվեատուփ գցելուց հիշեք Պերմյակովին, Ավետիսյանների ընտանիքին, ապրիլյան պատերազմում զոհված մեր շուրջ 140 եղբայրներին, Ադրբեջանին տրվող սպառազինությանը, որը այդպես էլ չի դադարեցվում ու լիքը բաների մասին... Ընտրությունն իհարկե ձերն է, ու ձեր քվեն առաջին հերիթն ձեր խղճի ու ազնվության հետ պետք է համերաշխ լինի... Մի օրից պարզ կլինի, թե քանի գրոշ արժե այդ ամենը՝ մի թոշակ, մի խոպանչու աշխատատեղ թե անգին է զոհված ամեն մի հայորդու հիշատակի նման: