720 թվին Հովհաննես Օձնեցին եկեղեցական ժողով է գումարել Դվինում: Ժողովին մասնակցել են երեսունից ավելի եպիսկոպոս, Աշոտ պատրիկը և նշանավոր նախարարները: Գեղեցիկ ճառով հանդես է եկել կաթողիկոսը՝ անդրադառնալով իր կյանքի սկզբնական շրջանին, կաթողիկոս ձեռնադրվելուն, եկեղեցական բարեկարգություններին, ժամանակի խնդիրներին ու պետքերին: Այս բացման խոսքը, որպիսին չի հանդիպում նախորդ դարերում, վկայում է Հայոց հայրապետ՝ Հովհան Օձնեցու մեծ արժանիքների մասին: Ճառի բովանդակությունը, իրոք, վկայում է կաթողիկոսի իմաստասիրական, աստվածաբանական և ծիսական հարցերում ունեցած մեծ հմտությունը՝ ցույց տալով արարողական պաշտամունքի գաղտնի նշանակությունները բացատրելու նրա առանձնահատուկ ունակությունը:
Դվինի ժողովը ընդունել է 32 կանոն, որոնք տեղ են գտել թե՛ «Կանոնագիրք Հայոց»-ում և թե՛ ատենաբանության մեջ, որոնք հրատարակված են: Առաջին երկու կանոններն ուղղված էին եկեղեցականների և աշխարհականների արբեցության դեմ, որոնք զրկված էին հաղորդությունից, իսկ դրա մեջ համառող եկեղեցականները կարգալույծ էին արվում: Հաջորդ երեք կանոնները վերաբերում էին պսակին: Պսակն արգելվում էր կիրակնամուտին, Զատկի ճրագալույցին և Զատկի քառասունքից մինչև Հոգեգալուստ: Արգելվում էին նաև հարբեցողությունը, զեխությունը, և հրամայվում էր պարկեշտությամբ ընդունել պսակի և հաղորդության խորհուրդները: Պսակը հետաձգվում էր, եթե քահանան իմանար, որ կանոնական որոշումները չեն հարգված: Պսակին էին վերաբերում նաև ԺԵ և ԺԶ կանոնները: Զ և Է կանոններն անդրադառնում էին Մեծ պահքի և կիրակի օրերին, որպեսզի պատարագը չխափանվի, իսկ պահելը կամ լուծումները թողնվում էին յուրաքանչյուրի կամքին: Կանոնների համաձայն՝ մեռոնը պետք է օրհներ հայրապետը, իսկ եպիսկոպոսները՝ միայն Զատկի հինգշաբթի օրը: Քահանաները դրա իրավունքը չունեին: Նրանք կարող էին օրհնել միայն մկրտության ձեթը (մինչ Մեռոնը, ձեթով էին մկրտում կամ օծում) և այն էլ՝ ամեն անգամ զատ-զատ: Պատարագի սեղանը պետք է լիներ քարից և անշարժ, և ոչ՝ փայտից և շարժուն:
Քարից պետք է լինեին նաև մկրտության ավազանները: ԺԷ-ԻԴ կանոնները կարգավորում են ժամերգության խնդիրները, ԻԶ և Լ կանոնները ցույց էին տալիս Հայտնության ջրօրհնեքի և ութօրեքի ավետարանները: Մյուս կանոնները վերաբերում էին փայտե կամ որևէ այլ նյութից պատրաստված խաչերին, որոնք կարող էին երկրպագվել միայն օրհնվելու և օծվելու դեպքում, իսկ օրհնվելու և օծվելու դեպքում պետք է պաշտպանվեին ամենայն նախանձախնդրությամբ, արգելում էին հաղորդվել և կենակցել ամեն տեսակի հերետիկոսների հետ՝ հատկապես մծղնյացիների և պավլիկյանների, որոնք պետք է ենթարկվեին խոշտանգումների և ծանր պատուհասների, իսկ համառելու դեպքում՝ արտաքսվեին Եկեղեցուց և այլն: