88-ի ու հիմիկվա ահռելի տարբերությունը
Էնպես չի, էլի, որ լցվեցինք հրապարակ, ու «կյանքն ընթացավ իր բնականոն հունով»։ Ինչ ասես դուրս էին տալիս հեռուստատեսությամբ միտինգավորներիս հասցեին՝ Մոսկվային ձայնակցելով․ Ինչ ասես գրում էին կոմունիստների «օրգան» մամուլում։ Դե, մենք էլ չդիմացանք ու ճամփա ընկանք դեպի Մամուլի շենք, մի կուշտ գոռացինք՝ ամոթ մամուլին, հետո եկանք իմ աշխատավայր Ռադիոյի տան մոտ, էդտեղ էլ մի կուշտ ամոթանք տվեցինք։ Իսկ մենք շատ-շատ էինք, կոմունիստ վերնախավին ծառայողները՝ քիչ։ Ու մենք հաղթեցինք։ Գոնե Հայաստանում էլ չէին համարձակվում մեր մասին վատ բան գրել կամ ասել։ Պղտոր ջուրը նորից ջրի երես ելավ մեկ էլ երկրաշարժից հետո։ Ռուսական զորքը վարում էր Երեւանի փողոցները, երկրի կեսը չկար, «Ղարաբաղ» կոմիտեն ձերբակալված էր, ժողովրդի մեջքը կոտրված էր, ու ոջիլները նորից գլուխ բարձրացրին։ Գտնում էին, պեղում էին ծախուներին, սրանք էլ կանգնում էին միկրոֆոնի առաջ ու աղբ էր, որ թափում էին կոմիտեի հասցեին։ ...Ահավոր օրեր էին, անզորությունից կարելի էր խելագարվել, բայց երեսներս պինդ էր, չխելագարվեցինք։
Հիմա նույն աղբն է եթերում, ու ոչ մի ընդդիմադիր ուժի մտքով չի անցնում՝ անկապ ելույթների փոխարեն հավաքել մարդկանց ու գնալ պահանջել իրենց հարկերով ապրող Հ1-ից, որ չստի, աղբ չմատուցի հասարակությանը։
Եսի՞մ։


Շատ բան է փոխվել 88-ից էս կողմ, բայց ոնց որ թե էն ժամանակվա պայքարողներս ուրիշ էինք։