Բիզնեսը սովորաբար սոցիալական բարոյականություն չունի ու չի առաջնորդվում հումանիզմի սկզբունքներով: Բիզնեսի հիմքը շահն է, իսկ գործունեության սահմանփակիչը՝ մի կողմից օրենքը, եթե խոսում են իրավական պետության մասին, մյուս կողմից՝ մրցակից բիզնես խմբերի շահերը:

Երբ բիզնեսը լեգալ ու հրապարակային կերպով ստանում է կառավարչական լծակներ, ապա նրա ախորժակին դիմագրավելու քիչ մեխանիզմներ են ի հայտ գալիս. ավելին՝ նա գերակա դիրք է ստանում բիզնես մյուս խմբերի նկատմամբ: Սա առավել տեսանելի է դառնում աղքատ երկրներում, երբ սեփականության բաշխման և վերաբաշխման մի քանի փուլ անցնելուց հետո, պարզ է դառնում, որ շահույթ ստանալու համար փաստորեն պետք է մուտք գործել ոչ պոպուլյալ ոլորտներ, որոնք ուղղակիորեն կապված եմ ազգաբնակչության սոցիալական ապահովության, ֆիզիկական առողջության ու տարրարկան գոյատևման հարցերի հետ: Սա, իհարկե, բիզնեսի համար խնդիր չէ, կարևորը ճկուն ու խելացի գործիքակազմով շահույթ ապահովելն է:


«Փող քերել ամեն ինչից» սկզբունքն այս պարագայում դառնում է դոմինանտ, ու որևէ սահմանափակում, որևէ բարոյական ու ռացիոնալ նորմ, որևէ սահման՝ բացի վերադասի անհատական վերաբերմունքից, չի կարող կանգնեցնել փող աշխատելու մոլուցքով տառապող չինովնիկներին: Ու զարմանալի չէ, որ նրանք անգամ կարող են հայտարարել, որ «нам до лампочки» մեր հեղինակազրկումը, կարևորը անհրաժեշտ որոշման կամ օրենքի ընդունումն է:

Սակայն խնդիրն այս «փող քերողները» չեն, այլ այն, որ նրանց վարքն ու գործելաոճը չի արժանանում համապատասխան արձագանքի ում կողմից որ պետք է... :

 

Մյուս կողմից՝ աղքատ, պատերազմող ու առողջ զինվորի դեֆիցիտ ունեցող երկրում սոցիալ-առողջապահության, կենսապահովման այլ ոլորտներում խորամանկ մեխանիզմներով «փող քերելը» հանգեցնում է երկրում հուսալքության հերթական ալիքին, իշխանության ինստիտուտի նկատմամբ ատելության, իսկ մյուս կողմից՝ նաև սոցիալական ագրեսիայի ու անհանդուրժողականության, մարգինալիզմի, որը ինչ-որ մի կետից հետո կարող է դառնալ մեծ՝ քաղաքական խնդիր արդեն վերադասների համար: Մեծ հաշվով «փող քերողին» դա հետաքրքիր չի, կարևորը որ բիզնես շահերը բավարարվեն:

 

Հենց նման փոքր ու մեծ քայլերից է, որ պղտորվում է երկրում ապրելու մթնոլորտը, երբ անգամ սոցիալապես ապահովված շատուշատ մարդիկ իրենց ընտանքիներով արտագաղթում են արդեն ոչ թե ապրելու միջոց հայթայթելու, այլ հոգևոր ու արդեն նաև ֆիզիկական առողջության խնդիրներից ելնելով: Ու թող չասեն, թե «արտագաղթով պետք չի վախեցնել», քանզի ամեն արտագաղթողի հետ փոքրանում է ճգնաժամային տնտեսությունը, փոքրանում է ապրանքների ու ծառայությունների սպառման ծավալները: Իսկ շուկան բիզնեսի տեսանկյունից կարևորագույն օղակ է:

 

Պետք է հիշել, որ բիզնեսը հայրենիք չունի, ինքը չգիտի ի՞նչ է «ինքնորոշման իրավունքը» և ինչպե՞ս են ապահով ու անապահով ընտանիքի զավակները օր ու գիշեր -28-ից +48 եղանակային պայմաններում Օմարից Ջաբրաիլ պոստ պահում:
Բիզնեսի համար կարևորը, այն է, որ աղքատ երկրում նստի, մտածի և ձև գտնի անգինայի՝ 1000 դրամանոց դեղը քաղաքացու վրա հարակից ծախսերով մի 6-7000 նստացնելու մասին:

 

Ալեն Ղևոնդյան