Մենք զգուշացրել էինք, որ եթե մինչև 2018-ի գարուն Թուրքիան կոնկրետ քայլեր չանի, մենք գարուն կմտնենք առանց հայ-թուրքական արձանագրությունների: Ինչպես միշտ, մենք մերք խոսքի տերն ենք, ինչը չի կարելի ասել Թուրքիայի իշխանության մասին, որը հիմնված է խաբեության, կեղծիքի, խոսքը չհարգելու և շանտաժի վրա: Մենք նախ սառեցրինք այդ արձանագրությունները, որպեսզի զգուշացնենք Թուրքիայի իշխանությանը՝ կատարել պարտավորությունները և դրանք առանց նախապայմանների վավերացնել խորհրդարանում: Նրանք դա չարեցին, ավելին՝ նոր նախապայմաններ և սադրանքներ արեցին:
Այժմ մենք վերջնականապես հրաժարվելու ենք տխրահռչակ արձանագրություններից՝ խոստովանելով, որ չստացվեց այն նախաձեռնությունը, որով մենք փորձեցինք նոր էջ բացել հայ-թուրքական հարաբերություններում:
Մեղքը Թուրքիայի իշխանությանն է: Նրանք են օրեցօր մեկուսանում աշխարհից, իսկ մենք, հավատարիմ մնալով 2015-ին հրապարակված համահայկական հռչակագրին, կշարունակենք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության ուղղությամբ նոր ու ավելի վճռական քայլեր ձեռնարկել:
Եկել է կոնկրետ գործողությունների ժամանակը...
Մոտավորապես այսպիսի տեքստ է ասելու ՀՀ նախագահը՝ 2018-ի գարունը հայտարարելով առանց հայ-թուրքական արձանագրությունների ժամանակաշրջան:
Թուրքիայում, բնականաբար, մամուլով և քաղաքական խողովակներով կսկսվի քննարկումների ու հակահայկական հայտարարությունների շարան: Գուցե Էրդողանը հայտարարություն անի՝ ասելով, թե Հայաստանը մատնված է սովի ու շրջափակման, գոյատևման որևէ տարբերակ չունի, որ ավելի քան 100.000 հայաստանցիներ Թուրքիայում են փող աշխատում, շատերը զբաղվում են մարմնավաճառությամբ, և Հայաստանը քանի դեռ Արցախը չի հանձնել Ադրբեջանին, կշարունակի մեկուսանալ և պատժամիջոցների ենթարկվել:
Այսքանից հետո Էրդողանը կհիշեցնի, որ Թուրքիայի տնտեսությունը օրեցօր աճում է, միջազգային հեղինակությունը մեծանում է, և նրանց ընդհանրապես պետք չի դատարկվող Հայաստանի հետ որևէ կապ ունենալ:
Էրդողանին կհակադարձի Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Garo Paylan-ը՝ նշելով, որ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը նրան հասցրեց 0 հարևան, բազմաթիվ խնդիրներ վիճակի:
Հայտարարություններով հանդես կգան Թուրքիայի ծայրահեղական և ընդդիմադիր ուժերը՝ սպառնալով օր առաջ խեղդել Հայաստանը:
Քննարկումների, սպառնալիքների և պոպուլիստական հայտարարությունների շաբաթ է սպասվում: