Օրվա կադրը. կոշիկ փայլեցնելու կետը Երևանում.
Կոշիկներ մաքրելու և փայլեցնելու համար նախատեսված այս կետը գտնվում է Երևանի կենտրոնի բանուկ մասում՝ Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկից ոչ հեռու, Թումանյան փողոցի խինկալիանոցի հարևանությամբ:

 

Համարվում է, որ այն միակն է մայրաքաղաքում և արդեն հասցրել է բավականին հանրաճանաչ դառնալ Երևան այցելող զբոսաշրջիկների շրջանում:
Կոշիկ փայլեցնելու կետը այս տարի էլ, ինչպես միշտ, աշխատեցնում է Լյովա Գևորգյանը, որն իր յուրօրինակ մասնագիտական փիլիսոփայությունն ունի: Նա գտնում է, որ կոշիկների մաքրությունը չպետք է լինի զուտ ձևական, այսինքն՝ կոշիկները պետք է ոչ միայն իդեալական փայլեն դիմացից, այլ նաև պարտադիր՝ կրունկների կողմից:

 


Ի դեպ, հին երևանցիները մի պատմություն են հիշում, թե ինչպես 1956 թվականին ընտանիքի հետ Երևան էր այցելել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինոն և ինչպես «Երևան» հյուրանոցի մոտ աշխատող հայտնի կոշիկ մաքրող ուստա Կիրակոսը վարպետորեն փայլեցրել էր նախարարի պատանի որդու կոշիկները: