Վերջերս ամերիկյան բավականին հեղինակավոր վերլուծական ռեսուրս, վերլուծելով մերձավորարևելյան և հարավկովկասյան իրողությունները, հանգել է այն եզրակացության, որ Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությունն ու մրցակցությունը կարող է դուրս գալ Պարսից ծոցի տարածաշրջանից և տեղափոխվել Հարավային Կովկաս՝ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանական Հանրապետություն։ Նշվում է, որ Ադրբեջանում Իրանի ազդեցությունը, ի դեմս տեղի շիա բնակչության, գնալով աճում է, ի հակակշիռ որի՝ Սաուդյան Արաբիան փորձում է տնտեսական ներդրումների տեսքով և հսկայական ֆինանսների առկայությամբ գոնե պահպանել հավասարակշռությունը և հնարավորության դեպքում ավելացնել սեփական ազդեցությունն Ադրբեջանում, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել Իրան-Սաուդյան Արաբիա շահերի բախման այս անգամ ոչ թե Պարսից ծոցի երկրներում, այլ՝ Ադրբեջանում։
Այսինքն, ստացվում է, որ եթե Իրանը, Պարսից ծոցում ակտիվ քաղաքականության հետևանքով (Եմենի հութիներ, Կատարում ազդեցության կտրուկ աճ և այլն) աշխատում է ճնշումներ բանացնել Սաուդյան Արաբիայիի վրա, ապա վերջինս նույն կերպ փորձում է պատասխանել Իրանին հյուսիսում՝ Ադրբեջանական Հանրապետության միջոցով։
Իրանի դեմ պատասխան գործողությունների համար Սաուդյան Արաբիայի կողմից Ադրբեջանի ընտրությունն ամենևին էլ պատահական չէ։ Պաշտոնական Բաքուն հակաիրանական քաղաքականություն վարելու կամ գոնե այդ քաղաքականության համար այլ երկրներին հարթակ տրամադրելու հարցում հարուստ փորձ ունի։ Հավանաբար, հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով, Էր-Ռիադում, որպես հակաիրանական պլացդարմ, որոշել են ընտրել Ադրբեջանական Հանրապետությունը։