Պատերազմի կամ դրա պերմանենտ սպառնալիքի մեջ գտնվող երկրի կողմից պառլամենտական կառավարման ձևին անցնելը նման է քաղաքական արկածախնդրության: Հայտնի է, որ պառլամենտական կառավարման ձևի թերություններից մեկը համարվում է հենց պատերազմական իրավիճակում դրա առավել քիչ արդյունավետությունը կառավարման այլ ձևերի համեմատ: Այդ մոդելը սովորաբար ավելի դանդաղ է արձագանքում խնդիրներին, իսկ պատերազմի ժամանակ որոշումները պետք է կայացվեն չափազանց արագ, կտրուկ, երբեմն ժողովրդավարական, այս դեպքում' պառլամենտարիզմի նորմերի անհրաժեշտ խախտումով:
Իբր ժողովրդավարական մշակույթի ու կառավարման էնքան հարուստ փորձ էինք կուտակել, որ կառավարման այլ ձևերը մեզ խիստ խանգարում էին: Երևի մեր էլիտան էնքան էր դեմոկրատացվել, այնպիսի արժեհամակարգի կրող էր դարձել, որ կիսանախագահականն այլևս չէր բավարարում իրենց լիբերալ բնույթին: Ասենք' էդ մարդկանց գիտակցությունն ու վարքն արդեն այնքան էին առաջ անցել առկա կառավարման ձևից, որ դրանք դարձել էին անհամատեղելի, իսկ մենք էլ խաբար չէինք:
Իրականում, սակայն, գիլդային (փակ), հեգեմոնիստական էլիտայի պարագայում պառլամենտական կառավարման ձևը երբեմն ավելի վտանգավոր է:
Ի դեպ՝ Ալեքսիս դե Թոքվիլն ասում էր' չափից ավելի արագ մոտեցումը դեմոկրատիային, երբ այդ արժեքներն էլ դեռ նորմալ չեն ինստիտուցիոնալիզացվել, մի լավ մարսվել, տանում է չափից ավելի դաժան բռնապետության. նենց որ, մի քիչ կամաց...