Ժամանակները փոխվում են – 5:
Մի պահ 2000-ականների սկզբին թվում էր՝ գիրքն անհետանում է և գնում է վերացման ճանապարհով: Ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Հայաստանում այն առավել տեսանելի էր՝ հաշվի առնելով նաև բնակչության եկամուտներն ու սոցիալական գործոնը: Թվում էր՝ ժամանակակից տեխնոլոգիաները վերջնականապես դուրս կմղեն գրքին մեր առօրյայից՝ թողնելով միայն էլեկտրոնային տարբերակը:
Սակայն եղավ այն, ինչ եղավ: Այսօր հատկապես երիտասարդությունը սկսել է գիրք կարդալ: Խոսքը միայն բիզնես կամ մասնագիտական գրականության մասին չէ, այլ նաև գեղարվեստական, դասական գործերի:
Դեկտեմբերի վերջերին միայն տեսնել էր պետք, թե ինչպիսի հերթեր են գոյացել գրախանութներում: Մի մասն ասում է, որ գնորդները մանկական գրականությունն են ավելի շատ նախընտրում: Ավելի լավ: Միայն ուրախություն է պարգևում՝ տեսնելով, թե ինչքան երեխաներ կան գրախանութներում: Շնորհիվ առաջատար հրատարակչությունների և գրախանութների՝ գրքի սպառման ծավալները մեծանում են առաջին հերթին երիտասարդների շնորհիվ: Նոր սերունդը սիրում է գիրք կարդալ, կարծիքներ փոխանակել, հետաքրքիր մտքերը տարածել: Հրատարակվում են հայերեն թարգմանությամբ նոր գրքեր, անցկացվում են բազմաթիվ շնորհանդեսներ, հայտնվում են նոր, ժամանակակից ֆորմատի գրախանութներ:
Վերջերս նաև մեծ տարածում են գտնում գրքի հետ կապված միջոցառումները և սոցիալական գովազդները. «Գրքախառնություն», «Ամանորյա լավագույն նվերը», «Գիրք կարդալը նորաձև է»: Իսկ 2018թ. փետրվարի 19-ը հայտարարվել է գիրք նվիրելու օր, ու բավականին մեծ տարածում է գտնում այդ շարժումը:
Սակայն մի օգտակար խորհուրդ կցանկանայի տալ: Ոչ միայն կարդալ է պետք, այլ մտածել ու սովորել: Ոչ միայն սովորել է պետք, այլ նաև կիրառել: Ոչ միայն կիրառել է պետք, այլ նաև ստեղծել որևէ օգտակար բան: Որ կարդացածը ոչ միայն լինի կոնկրետ մարդու «սեփականությունը», այլն նաև օգնի մնացածին դառնալ ավելի պրոակտիվ և նախաձեռնող: