Ժամանակները փոխվում են – 4: Մոտ 10 տարի առաջ Երևանում կազմակերպվում էր առավելագույնը մեկ բիզնես միջոցառում: Էլ չեմ ասում մարզերի մասին: Ընտրելու հնարավորություն չկար. կամ գնում ես կամ ոչ: Իսկ հիմա, ամեն օր մի քանի սեմինար, դասընթաց, կոնֆերանս, կլոր սեղան, քննարկում, ներկայացում, խաղեր, վեբինարներ և այն և այլն: Ինչքան շատ, այնքան լավ:
5 տարի առաջ, երբ ֆեյսբուքում որևէ իվենթ էր դրված, արդեն իրադարձություն էր: Հիմա ամեն օր ֆեյսբուքը հիշեցնում է, որ դու և քո, ասենք 250 ընկերները հետաքրքրված են 15 տարբեր իվենթով: Արդեն լավ է: Արդեն կարողանում ես ընտրել, համեմատել, որոշում կայացնել թե որ միջոցառմանը մասնակցես: Տարբեր թեմաներ, տարբեր մոտեցումներ, տարբեր գաղափարները, որոնք հնարավորություն են տալիս շփվելու և ծանոթանալու ավելի շատ մարդկանց հետ, գտնելու քո ուզած գիտելիքը, կիսելու քո փորձառությունը, ձեռք բերելու նոր ունակություն: Հնարավորությունները շատ են, միայն մնում է օգտագործել այդ հնարավորությունները:
Նաև այս ամենը պետք է տեղափոխել մարզեր: Գյումրիում, ի շնորհիվ տեխնոլոգիական կենտրոնի, այս հարցը կարելի է համարել, որ լուծման ճանապարհին է: Բոլոր քաղաքներում լուրջ կարիք կա մարդկանց հավաքելու, խոսելու, կիսվելու: Պատկերացնու՞մ եք, որ ամեն օր երևանյան գոնե մեկ միջոցառում կազմակերպվեր գոնե մեկ մարզկենտրոնում: Այնպես որ ժամանակն է և արդեն վաղուց, տեղափոխվելու դեպի մարզեր: