Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում ազատ խոսքի և մամուլի նկատմամբ կիրառվող աննախադեպ ճնշումները վերջին տարիների ընթացքում ստեղծել են մի իրավիճակ, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչների, նրանց հայացքները կիսողների և, առհասարակ, ադրբեջանական իշխանություններին քննադատող քաղաքացիների համար կարծիքի արտահայտման և քննարկումների հիմնական հարթակ են հանդիսանում սոցիալական ցանցերը։

Այս անգամ Ի. Ալիևը և նրա վարչակարգը որոշում են կայացրել՝ զրկել սեփական քաղաքացիներին տեղեկացված լինելու և քաղաքական լիցք կրող որևէ քննարկման մասնակցելու իրավունքից նաև սոցիալական ցանցերի հարթակում։

Հազարավոր կեղծ հաշիվներից կատարվող մեկնաբանություններն ընդդիմադիր գործիչների գրառումների տակ թույլ չեն տալիս Ադրբեջանի բնակչությանն ազատ քննարկումներ իրականացնել նույնիսկ սոցիալական ցանցերում։

Բացի այդ՝ ԱՀ իշխանությունները, անցնելով բոլոր սահմանները, իրականացնում են
կիբերհանցագործություններ ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Մասնավորապես վերջին երկու օրերի ընթացքում, ըստ տարածված տեղեկությունների, նրանց հաջողվել է գողանալ Ազգային խորհրդի գործիչներից Ալի Քարիմլիի, Ջամիլ Հասանլիի, Գյուլթեկին Հաջիբեյլիի և այլոց ֆեյսբուքյան էջերը՝ որոշների պարագայում հեռացնելով էջերից նախկին բազմաթիվ գրառումներ և սահմանափակելով հետևողների՝ այդ էջերում մեկնաբանություններ թողնելու հնարավորությունները։

Նշված անձինք, այնուամենայնիվ, կարողացել են վերականգնել իրենց հաշիվները։