Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի վարչապետության ընթացիկ՝ արդեն չորրոդ շրջանն աչքի է ընկնում երկրի ղեկավարի դեմ առավել լայն ծավալով իրականացվող տարաբնույթ գործընթացներով: Ներկայում իրավապահ մարմինների քննության տարբեր մակարդակներում են գտնվում վարչապետի և նրա ընտանիքի անդամների դեմ հարուցված, կոռուպցիոն մեղադրանքներ պարունակող 4 տարբեր քրեական գործեր («1000-ի», «2000-ի», «3000-ի» և «4000-ի» գործերը), շարունակվում է ԶԼՄ-ների կողմից երկրի ղեկավարի գործունեության նկատմամբ ընդգծված անտարբերությունը, չեն դադարում Նեթանյահուի և նրա հարազատների հետ կապված տարբեր վաղեմության սկանդալների վերաբերյալ փաստերի վերհանումն ու ակտիվ շրջանառումը:
Վերոնշյալի համատեքստում վերջին 2 աղմկահարույց միջադեպերը կապված են Նեթանյահուի որդու և կնոջ հետ: Տարեսկզբին իսրայելական ԶԼՄ-ներն ակտիվորեն տարածեցին վարչապետի «խնդրահարույց որդու»՝ Յաիր Նեթանյահուի սկանդալային ձայնագրությունն՝ արված դեռևս 2015 թ. նրա վարորդի կողմից: Դեպքը տեղի էր ունեցել Երուսաղեմի ստրիպտիզ ակումբներից մեկից դուրս գալիս, երբ Իսրայելի գազային մագնատներից մեկի՝ Քոբի Մայմոնի որդին և նրանց ընկերներից ևս մեկը Յ. Նեթանյահուից 25 հազար շեկել էին պահանջել (մոտ 7500 դոլար)՝ հիշեցնելով նաև, որ ակումբում ծախսել են 2400 շեկել, որից 400-ը միայն վարչապետի որդու պատվիրած պարուհու համար: Ի պատասխան՝ կրտսեր Նեթանյահուն բղավել է, թե՝ «Հայրս քեզ 25 մլն շեկելի «լավություն է արել», իսկ դու 400 շեկել չե՞ս ուզում ինձ տալ»:
Այս ձայնագրությունը մեծ աղմուկ էր բարձրացրել իսրայելական լրատվադաշտում և հասարակության շրջանում, և քննադատության սլաքներն ուղղվել են վարչապետի դեմ, ով իբր աջակցել է Մայմոնին՝ Իսրայելում հայտնի «Գազային գործարքի» շրջանակներում պատկառելի մասնաբաժին ձեռք բերելու հարցում:
Հաջորդ սկանդալը վարչապետի կնոջ՝ Սառայի և Նեթանյահու ընտանիքի մամուլի հետ կապերի հարցով խորհրդականի միջև 2009 թ. տեղի ունեցած հեռախոսազրույցի հրապարակումն է, որտեղ Սառան բարձր տոնով բաղավում է՝ նշելով, թե ինքը ոչ միայն վարչապետի կինն է, այլ նաև հոգեբան՝ բակալավր և մագիստրոս:
Բ. Նեթանյահուն վերոնշյալ 2 միջադեպերն էլ հասարակության համար առավել հանգամանորեն անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսագրությունների միջոցով, քանի որ ԶԼՄ-ները որևէ ուշադրություն չեն դարձրել վարչապետի պարզաբանման այլ փորձերին:
Վերոնշյալն իր հերթին ևս առավել ցայտուն կերպով ցույց է տալիս Իսրայելի ներքաղաքական կյանքում առկա պատկերը: Չնայած Իսրայել պետության թե՜ ներքին, թե՜ արտաքին քաղաքականության ոլորտներում, տնտեսական կյանքում արձանագրած հաջողություններին, այսուհանդերձ հարկ է նշել, որ Նեթանյահուի անձի հանդեպ հասարակական, քաղաքական վերաբերմունքը խիստ հակասական է: Եթե հատկապես քաղաքական, ներկուսակցական և լրատվական դաշտում կարծիքները հիմնականում դեմ են՝ նաև նոր քաղաքական դեմքերի անհրաժեշտության հիմնավորմամբ, ապա հասարակության շրջանում մոտեցումն այլ է: Տարբեր սոցիոլոգիական կառույցների կողմից անցկացված հարցումների արդյունքում, եթե վարչապետի գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը կորցնում է դիրքերը, ապա իսրայելցի ընտրողը երկրի համար բավական կարևոր պատմական ժամանակաշրջանում Իսրայելը ղեկավարելու առավել համապատասխան, հավասարը չունեցող թեկնածու, քան Նեթանյահուն է, չի տեսնում:
Արմեն Պետրոսյան