Վերջին ամիսներին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում: Իհարկե, դրանց արմատները շատ խորն են, քանզի պայմանավորված են նաև տարածաշրջանում լուրջ դերակատարում ունեցող այլ պետությունների և ուժերի հետաքրքրություններով:
Հունվարի 14-ին Թուրքիայի զինուժը հրետակոծել է Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման և դրա ռազմական թևի՝ YPG-ի դիրքերը:
Թուրքիայի գլխավոր շտաբում Սիրիայի տարածքի ուղղությամբ հարվածները բացատրել են երկրի ինքնապաշտպանության իրավունքով: Թուրքական իշխանությունների պնդմամբ' Անկարան այլընտրանք չունի և պարտավոր է մաքրել ահաբեկչական տարրերին Թուրքիայի հետ սահմանակից սիրիական շրջաններից:
Թուրք-ամերիկյան երկարամյա հարաբերությունների լարվածությունն իր անդրադարձն է ունենում տարածաշրջանային զարգացումների, հատկապես սիրիական հակամարտության վրա:
Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանային նահանգներում, իսկ թուրքական իշխանություններն էլ չեն դադարում սպառնալ Աֆրինում քրդերի դեմ գործողություններ իրականացնելով:
Հունվարի 20-ի երեկոյան Թուրքիայի զինված ուժերը սկսեցին Աֆրինում քրդերի դեմ ռազմական գործողությունը՝ «Ձիթենու ճյուղը»։ Ռուսաստանն իր զինուժը հետ է քաշել Աֆրինից։ Թուրքիան գործողությունը սկսել է օդային հարվածներով՝ պատրաստվելով ցամաքային ներխուժման։
Սիրիայի քրդերն իրենց հերթին կոչ են արել Սիրիայի իշխանություններին Աֆրինը պաշտպանել թուրքերից: PYD-ն կոչ է արել սիրիական իշխանություններին ապահովել Աֆրինի անվտանգությունը և Սիրիայի սահմանները պաշտպանել թուրքական նվաճողական քայլերից:
Անկհայտ է, որ ունենք հետևյալ իրավիճակը. քրդերն աջակցություն են ստանում ԱՄՆ-ից, ինչպես նաև տարածաշրջանային ամբիցիաներում շարունակ զավթողական դիրքորոշում ունեցող Իսրայելը: Ամերիկա-թուքական և թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածությունից ուղղակի օգտվում են քրդերը'փորձելով օգտվել քրդական նախորդ նախադեպի օրինակից: Այստեղ ամենաանմիջական նշանակություն ունի նաև Էրդողանի գործոնը: Թուրքիան վախենում է, որ իր սահմանի մոտ քրդական կազմավորում կարող է առաջանալ ու այդ գործընթացը կարող է տարածվել պետության տարածքում, այդ պատճառով հենց սկզբից ծոցում է խողդում այս միջադեպը (իրաքյան Քուրդիստանի օրինակը դեռ թարմ է):
Սիրիայի պարագայում ԱՄՆ և Թուրքիան մեծ հաշվով նույն նպատակն են հետապնդում՝ հեռացնել Բաշար Ասադին, որին, ի դեպ, շարունակում է աջակցել Ռուսաստանը: Ավելին՝ չլիներ ռուսական գործոնը, այսօր Սիրիան բզկտված կլիներ՝ զոհ գնալով ԴԱԻՇ-ին, քրդերին, թրքամետ ուժերին և այլ զինված կազմավորումներին՝ դառնալով յուրօրինակ մի Աֆղանստան, իսկ Ասադը կարժանանար Քադաֆիի և Հուսեյնի ճակատագրին:
Թուրքերի կողմից հարված ստացած սիրիական քրդերը միակ ուժն էին, որ մինչև Ռուսաստանի՝ սիրիական հակամարտությանն ակտիվ խառնվելը, պայքարում էին Ռուսաստանում արգելված ԴԱԻՇ-ի դեմ: Դժվար է պատկերացնել, որ ռուսները հեշտությամբ կհանձնեն նախկին փաստացի դաշնակցին, ձեռքի հետ էլ նոր գլխացավանք (մեղմ ասած) ստանալով՝ ի դեմս վիրավորված քրդերի, որոնք, ի դեպ, խիստ համախմբված են, իսկ նրանց թվաքանակը գերազանցում է 40 միլիոնը:
Ինչպես Վաշինգթոնին, այնպես էլ Մոսկվային ձեռնտու է հերթական անգամ իրար դեմ հանել թուրքերին և քրդերին՝ թուլացնելով և շարունակելով յուրաքանչյուրն իր չափով սեփական ուղեծրում պահել երկու կողմերին էլ: Չմոռանանք ևս մեկ հզոր պետության' Իրանի մասին, որն այնքան էլ ոգևորված չէ թուրքերի վարած քաղաքականությամբ:
Սիրիայի քրդերը հայտնել են, որ իրենք Աֆրինում Թուրքական ԶՈւ կողմից սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շարունակվելու դեպքում չեն մասնակցի Սոչիում սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ հունվարի 29-ից 30-ը սպասվելիք բանակցություններին:
Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին Ռուսաստանի և Իրանի կողմերին հայտնել է, որ չի ցանկանում Սիրիայի քրդերին տեսնել Սոչիի բանակցություններում, և կողմերը բավարարել են Թուրքիայի պահանջը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը սիրիական Աֆրինից հետո կարող են շարժվել Մանբիջ և այնտեղ նույնպես պայքարել քրդական զորամիավորումների դեմ: Էրդողանը նշել է նաև, որ «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում կարող է հասնել մինչև իրաքյան սահման:
Ակնհայտ է, որ Սիրայից կհետևեն քրդական պատասխանները, և թուրքական տարածքներում ռմբակոծություններ կլինեն:
Էրդողանն այս գործողությունն օգտագործում է՝ ասելով, թե Թուրքիա եկած 3 մլն-ի չափով փախստականներին հետ տանելու համար ահաբեկիչներին պետք է վերացնի, ապա նոր միայն ուղարկի հետ։ Թուրքիան մտադիր է նաև իր համար ստեղծել անվտանգության գոտի: