2018-ը մեկնարկեց հարևան Իրանում ընթացող բողոքի ցույցերի և հակակառավարական ելույթների լայն ալիքով: Երկրի ներսում ընթանում էին կառավարական համակարգին պաշտպանող ուժերի քայլերթեր և ցույցեր' ինչպես կենտրոնական խոշոր քաղաքներում, այնպես էլ այլ բնակավայրերում: Միաժամանակ տեղի ունեցան իշխանամետ ուժերի հանրահավաքներ, ուր հանրահավաքների մասնակիցները աջակցություն էին հայտնում Իսլամական Հանրապետության գործող իշխանություններին: Ներկայումս երկրր ներսում իրավիճակը հանդարտվել է և կայունություն է տիրում:
Իրանի իշխանությունները, ի դեմս նախագահ Ռոհանիի, բողոքի ալիքի սկզբնական շրջանում ընդունել էին, որ ցուցարարների տնտեսական պահանջներն ունեն արդարացի բնույթ: Հետագայում դրանք վերաճեցին քաղաքական և հակակառավարական լոզունգների, արձանագրվեցին հարձակումներ իրավապահների ու զինվորականների դեմ, որի արդյունքում բախումներն ավելի սաստակացան և գրանցվեցին զոհեր, իսկ Իրանի իշխանությունները բարձրաձայնեցին օտարերկրյա միջամտության փորձերի մասին: Նշենք, որ քաղաքական բնույթի պահանջները սակայն ծավալուն բնույթ չէին կրում:
Կառավարությունը որոշ քայլեր արդեն ձեռնարկում է մի շարք ապրանքատեսակների գների իջեցման և հետագա թանկացումները կանխարգելու ուղղությամբ, որոնք նախանշան են կառավարության պատրաստականության լուծելու տնտեսական խնդիրները: Գործադիրին աջակցում է երկրի օրենսդիր մարմինը, որը նախատեսում է որոշումներ ընդունել այս ուղղությամբ:
Տարածված լարծիքներից է նաև այն, որ Իրանի իշխանությունները դասեր են քաղել մի քանի տարի առաջ արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխությունների ալիքից: Դրանով էին պայմանավորված արդյունքում իրավապահ մարմինների գործողություններն ավելի զուսպ բնույթը՝ համեմատած նախորդ տարիների ընդվզումների հետ:
Պետք է փաստենք, որ այս վերջին իրադարձություններն ամենաարյունոտ բախումները չէին՝ չնայած շուրջ երկու տասնյակ զոհերին և ավելի քան 400 ձերբակալվածներին: Հիշեցնենք, որ 2009 թվականին Իրանում տեղի ունեցած բախումների ժամանակ գրանցվել էին հարյուրավոր զոհեր, իսկ հազարավոր մարդիկ ձերբակալվել էին և հայտնվել ճաղերի հետևում:
Վերջին 40 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Իրանի ժողովուրդն է առերեսվում ամբողջ իշխանությանը: 2009 թվականին պայքարը վարչակարգի ներսում էր երկու խմբավորումների միջև: Այժմ Իրանի ժողովուրդն է կանգնած իշխանության դեմ:
Իրավապահները հայտարարել են, որ եթե ցուցարարների գործողություններում չհայտնաբերվի որևէ չարաշահում կամ այլ միտումներ, նրանք ազատ կարձակվեն:
Նախագահ Հասան Ռոհանին խորհրդակցություններ է հրավիրել տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ, և նրանց հետ քննարկել իրենց առաջիկա անելիքներն և բյուջեի նախագծի խնդրահարույց կետերը, որոնք ցուցարարների մոտ դժգոհություն են առաջացրել:
Ներքին խնդիրների վերաբերյալ, սկսած 1979-ի իսլամական հեղափոխությունից ի վեր, իրանահայությունը ուղակի դիրքորոշման անհրաժեշտություն չի ունեցել: Միշտ հակված է եղել կանգնել համընդհանուր շահերի ու համաժողովրդական պահանջների, ինչպես նաև՝ Իրանի պետականության կողքին՝ հատկապես հաշվի առնելով, որ Իրանը Հայաստանին սահմանակից կարևոր երկիր է:
Ցույցերի օրերին Իրանի իշխանությունները մեղադրում էին օտար ուժերին, մասնավորապես ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու Սաուդյան Արաբիային ցույցերի հրահրման մեջ:
Ի տարբերություն 2009-ի ցույցերի' 2018-ին իշխանության առջև կանգնած էր Իրանի ժողովուրդը, որը բողոքում էր ընդդեմ կոռուպցիայի ու թերի տնտեսական կառավարման: