Ներկայացնենք մի ուշագրավ արխիվային լուսանկար, որտեղ պատկերված է, թե ինչպես էին 1933-ի նոյեմբերի 7-ին Երևանի Կենտրոնական հրապարակում (հիմա՝ Հանրապետության) նշում Ռուսաստանում բոլշևիկյան հեղաշրջման 16-ամյակը: Ակնհայտ երևում է, որ այդ պարտադրված շքերթով անցնող մարդիկ քայլում են լուռ, կաշկանդված և անժպիտ, ուժային կառույցների ներկայացուցիչների զգոն հայացքների ներքո, ու չկա անգամ ձևական ողջույնի համար բարձրացված և ոչ մի ձեռք:
Շքերթի մասնակիցները տանում են բոլշևիկյան քարոզչության պաստառներ. առաջին պլանում՝ բուրժույ-մեծահարուստի գիրացած պատկերն է, իսկ ահա ետին պլանում նշմարվում է Ադոլֆ Հիտլերին ներկայացնող ծաղրանկարը: Նշենք, որ ճակատագրի հեգնանքով 1919-1920 թթ. մայիսի 28-ին այս նույն կամարից էին մեծ ոգևորությամբ անցել Հայաստանի անկախության 1-ին և 2-րդ տարեդարձներին նվիրված համահայկական շքերթները: