Երևի թե մեկ-երկու ամիս կլինի, ինչը Ֆեյսբուքի իմ էջում բավական հաճախ հայտնվում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի էջի տեղադրած վճարովի գովազդը: Գովազդում Անիի Սուրբ Գրիգոր (ժողովրդական անվամբ՝ Աբուղամրենց) եկեղեցին է՝ «Սուրբ Գրիգոր եկեղեցի: Անի: Արևմտյան Հայաստան» գրությամբ:
Իհարկե, այս գովազդը «ոչ մասնագիտական» աչքի համար արտասովոր չէ, և շատ դեպքերում այն կարող է տեսնողների մոտ դրական արձագանք առաջ բերել, բայց… կան բայցեր: Առաջին՝ ինձ համար սա սիրողական մակարդակ ու պոպուլիզմ է՝ քաղաքացիների զգացումների վրա ազդելու՝ հաշվի առնելով Անիի և ընդհանրապես կորսված հայրենիքի հոգեբանական նշանակությունը: Կարևորն ու ցավալին այն է, որ նման նկարի ու գրության տարածումը, իմ կարծիքով, որևէ խորքային ու համակարգված քաղաքականության կամ հստակ պետական ռազմավարության մաս չէ: Ո՞րն է նպատակը, խնդիրը, հեռանկարը: Հիշեցնեմ՝ սա անհատի կամ կազմակերպության տարածած նկար ու գրություն չէ, այլ՝ պետական օրենսդրական կառույցի, այն էլ՝ պատասխանատու արտաքին հարաբերությունների համար: Սա է ինձ համար գլխավոր խնդիրը:
Կան մի քանի հարցեր ևս: Տրամաբանորեն, այս գովազդն արվում է հարկատուների հաշվին: Փաստորեն, կարելի է արձանագրել, որ հայաստանյան պաշտոնական կառույցի բառապաշարում Անին Արևմտյան Հայաստան է, թեև պատմական կտրվածքով այն ընկալվում է Արևելյան Հայաստան (Շիրակ, Այրարատ): Այստեղ կարևոր է հասկանալ՝ սա չիմացության արդյո՞ւնք է, թե՞ մտածված փոփոխություն:
Հետաքրքիր է նաև նկարի աղբյուրը՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (RFE/RL):
Ամփոփելով իմ մոտեցումն այս հարցում ՝ սա պետական կառույցի մակարդակ չէ: Հետաքրքիր է լսել նաև ձեր կարծիքն ու մոտեցումը: