Անցած տարի այս օրերին խիստ լարված էր Արցախի և Ադրբեջանի սահմանը: Օրեր առաջ դիվերսիոն անհաջող փորձ կատարելու ընթացքում հայկական բանակի զինծառայողների կրակոցից մահացել էր ադրբեջանցի դիվերսանտ Չինգիզ Գուրբանովը, ում դին մնացել էր հայկական սահմանում:

Համացանցում ադրբեջանցի օգտատերերը վայնասուն էին կապել ու պահանջում էին իրենց զինվորի դին, այդ ամենին զուգահեռ հայկական կողմին մեղադրում էին ադրբեջանցի զինծառայող սպանելու ու դիակը գողանալու մեջ: Իբր մենք հարձակվել էինք, իրենց դիրքերում Գուրբանովին ու նրա ընկերներից սպանել և վիրավորել էինք, հետո Գուրբանովի դիակը մերոնք իրենց հետ բերել էին մեր դիրքեր:

Նման լարված իրավիճակի ընթացքում ադրբեջանական բանակում ևս մեկ զոհ է հայտնաբերվում՝ Ֆիքրեթ Նուրշիրվան օղլու Բեշիրով: Վերջինս կամ զոհվել էր նույն դիվերսիայի ընթացքում կամ հետագայում զոհ էր դարձել մեր բանակի պատժիչ գործողություններին:

Ադրբեջանցիները երևի այդ պահին այնպիսի անհարմար իրավիճակում էին հայտնվել, որ չէին հասկանում՝ հայերին մեղադրեն դիվերսիայի մեջ ու իրենց զինվորին պահանջեն, թե երկրի պաշտպանության նախարարությանը պահանջներ ներկայացնեն: Առաջին դեպքում զոհվածը դիակը մեզ մոտ էր, երկրորդ դեպքում դիակը իրենց խրամատում էր: