Դեռ 2017թ. դեկտեմբերի սկզբին ինչպես իրանական, այնպես էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին հրապարակել, ըստ որի՝ դեկտեմբերի 25-ին Իրանի Ասթարա քաղաքում կայանալու էր Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նիստը. այդ օրն Ասթարայում պետք է տեղի ունենար նաև իրանական Ասթարան ադրբեջանական Ասթարային կապող երկաթգծի բացման արարողությունը, որը, սակայն, հետաձգվեց և հայտարարվեց, որ այն տեղի կունենա 2018 թ. սկզբին:

 


Այսօր սակայն Բաքվում Իրանի դեսպանությունից հաղորդել են, որ միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա հունվարի 15-16-ը, սակայն ոչ թե Ասթարայում, այլ՝ Թեհրանում: Իրանի դեսպանությունը երկաթգծի բացման արարողության վերաբերյալ չի նշել, միայն հավելել է, որ նիստի ընթացքում կքննարկվեն տնտեսական ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 


Ըստ ամենայնի՝ երկաթգծի բացման արարողության չեղարկումը կարող է պայմանավորված լինել ինչպես Իրանում տեղի ունեցող իրադարձություններով, այնպես էլ ֆինանսական ու տեխնիկական խնդիրներով, քանի որ առաջին անգամ, երբ չեղարկման վերաբերյալ հայտարարվեց, Իրանում իրավիճակը հանգիստ էր: