Լրահոսում արդեն հայտնվել են նոր նախագահի և վարչապետի ընտրության կարգի և ժամկետի մասին տեղեկությունները: Լրատվականների տարատեսակ վերնագրերն ու մեկնաբանություններն արդեն իսկ հուշում են՝ նոր Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը թերագնահատվում է չափից դուրս, ինչն անհետևանք չի կարող մնալ, քանի որ լրատվականների թիրախը ողջ հանրությունն է:

Ավելի քան համոզված եմ, որ հաջորդը առաջիկայում սպասվող վարչապետի և նախագահի ընտրությունների կարգի ու դրանցից սպասումների մասին արդեն փորձագիտական ալիքի հերթն է լինելու, որը լավագույն դեպքում մասամբ պիտի լրատվականների տրամաբանության շարունակությունը լինի: Ազդակը տրված է:

Մեր երկրին սպասվող փոփոխությունների բուն էությունից ու նպատակից շեղվելու վտանգի առաջ ենք, քանի որ հերթական անգամ, կարծես թե, առերեսվում ենք կարևորի և անկարևորի սխալ տարանջատման հետ: Խորհրդարանական, թե նախագահական, եթե կա պետական ինստիտուտ, ապա կա այդ ինստիտուտի աշխատանքի մեխանիզմ, կան գործառույթներ, կան պարտականություններ: Եվ կարևորն այս դեպքում էլ, ինչպես միշտ, յուրաքանչյուրի՝ իր տեղում ու դիրքում լինելու և իր պարտականությունները լրջամտորեն իրականացնելու խնդիրն է: