Տարկետման վերացման մասին օրենքը, որի հետ անձամբ համաձայն եմ եղել այն գլխից, մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում: Իհարկե աղմուկի հիմքում, ըստ իս, ոչ թե գիտության նկատմամբ մեծ սերն էր, այլ հիմնականում և ավելի շուտ երկու հանգամանք. 


1. Խուսափել ծառայությունից (հատկապես դա սրվեց ապրիլյան պատերազմից հետո)
2. Անարդարությունը առաջնագծում ծառայելու հարցում (մեր բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների երեխաներին երբեք վիճակահանությամբ առաջնագիծ չի ընկնում)


Բայց արի ու տես, որ նույն այդ Հայաստանի մեկ այլ հատվածում՝ Արցախում, նման խնդիր երբևիցե չի կանգնում: Եթե մի փոքր խորը ուսումնասիրենք այս ֆենոմենը կհասկանանք, թե ինչու է Արցախում այդպես: Որովհետև Արցախում որևէ մեկի մտքով չի անցնում, որ իր երեխան չպետք է ծառայի առաջնագծում: Փաստ է, որ և Արցախի նախագահ Բակո Սահակյանի որդին, և Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի երկու որդիները ծառայում են բոլորի հետ հավասար (մնացած պաշտոնյաների մասին էլ չխոսեմ): Չեմ կասկածում, որ հենց դա է պատճառը, որ այնտեղ (նորածնից մինչև ծերունի, կին թե տղամարդ, հարուստ թե աղքատ) ոչ մեկի մոտ նման հարց չի առաջանում՝ տարկետվել թե չտարկետվել: