1915թ․ Ուրֆայի ինքնապաշտպանվող հայության դեմ բռնություններով աչքի ընկած oսմանյան զորահրամանատար Ֆախրեդդին փաշային մահմեդականության երկրորդ սրբազան քաղաք Մեդինան թալանելու մեջ մեղադրած Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին «թշվառ» անվանած Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը վերջինիս հեռակա հարցրել է, թե ո՞ւր էին նրա նախնիները, երբ փաշան պաշտպանում էր այդ քաղաքը։
Բանն այն է, սակայն, որ Ֆախրեդդին փաշան 1916թ․ Մեդինան «պաշտպանում» էր հենց արաբներից, որոնք օսմանցիների դեմ ապստամբություն էին բարձրացրել մահմեդականության մյուս սրբազան քաղաք Մեքքայի կառավարիչ Հաշիմյանների տոհմից սերող Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմիի առաջնորդությամբ։
Որպեսզի ակնհայտ դառնա Ռ․ Թ․ Էրդողանի հարցի անհեթեթության մակարդակը, բավական է միայն հիշել, որ արաբական կուրայշ ցեղի մաս կազմող Հաշիմյան տոհմից էր սերում նաև հենց ինքը՝ Մեդինայում թաղված Մուհամմադ մարգարեն։ Այսինքն՝ ստացվում է, որ օսմանցի փաշան Մուհամմադ մարգարեի դամբարանի քաղաքը «պաշտպանում» էր ոչ միայն նրա ցեղակից արաբներից, այլ նաև հենց իսլամի մարգարեի տոհմակիցներից։
#բիզիմդիրիթշվառությունը