Ծառերն ապրում են շատ ավելի երկար, քան մոլորակի մնացած օրգանիզմները: Որոշ ծառերի տարիքը հասնում է հազարավոր տարիների: Նրանք տեսել են, թե ինչպես են ամբողջական ժամանակաշրջաններ անցել:
Սակայն ոչ մի կանգուն ծառ չի կարող համեմատվել Մաֆուսայիլ անունով լեռնային սոճու հետ: Մոտավոր հաշվարկներով՝ երկարակյաց ծառը Երկրի երեսին հայտնվել է մ.թ.ա. 2831 թվականին: Ստացվում է, որ 2017 թվականի դրությամբ Մաֆուսայիլն «ապրում է» արդեն 4847 տարի շարունակ: Ռեկորդակիր սոճին գտնվում է Կալիֆորնիա նահանգի Իննո ազգային անտառում:
Սակայն մարդկությանը հայտնի է ևս մեկ ծառ, որն ապշեցնում է իր տարիքով: Պրոմեթեյը ևս պատկանում էր լեռնային սոճիների խմբին և աճում էր Ուիլեր-Պիկ լեռներից ոչ հեռու: Ըստ հաշվարկների՝ դրա տարիքը միանշանակորեն գերազանցում էր Մաֆուսայիլի տարիքը մի քանի տասնյակ տարիներով: Գիտնականները պնդում են, որ Պրոմեթեյն ապրել է Երկրի երեսին ավելի քան 5100 տարի:
Իսկ ինչու՞ ենք Պրոմեթեյի մասին անցյալ ժամանակով խոսում: Քանի որ այն դարձավ մարդկային հետաքրքրասիրության զոհ: 1964 թ. հողում միայնակ կանգնած երկարակյաց ծառը հատվեց ասպիրանտ Դոնալդ Կարրիի կողմից: Երիտասարդ գիտնականը զբաղվում էր Երկրի կլիմայական փոփոխությունների ուսումնասիրությամբ՝ ծառերի օղակների հետազոտություն անցկացնելով: Հասկանալի չէ, թե Դոնալդն ինչու է հատել հենց Պրոմեթեյը. չէ՞ որ այդ տարիներին արդեն հայտնի էր, որ սոճին բավականին հին էր՝ միգուցե հնագույնը աշխարհում, իսկ կլիմայական փոփոխությունները, որոնք հետաքրքրում էին Դոնալդին, տեղի են ունեցել ոչ ավելի, քան 6 դար առաջ: Յուրօրինակ ծառը ոչնչացվեց, իսկ մարդկությանը մնաց միայն գուշակել դրա տարիքը լուսանկարների և կես դար առաջ արված արձանագրությունների հիման վրա:
Ահա թե ինչ է մնացել Պրոմեթեյից
Վերոնշյալ ծառերի տարիքը ոչ մի կերպ չենք կարող համեմատել այն ծառերի տարիքի հետ, որոնք աճում են կլոնալ գաղութներում: Կլոնալ գաղութը գենետիկական կապ ունեցող բույսերի խումբ է, որոնք արմատային նույն համակարգն ունեն: Այդ իսկ պատճառով բոլոր ծառերը, որոնք աճում են միևնույն կլոնալ գաղութում, ընդունված է համարել միասնական օրգանիզմ:
Երկրի վրա գոյություն ունեցող ծառերի ամենահին կլոնալ գաղութը գտնվում է ԱՄՆ-ի Յուտա նահանգում: Օրգանիզմն իրենից ներկայացնում է կաղամախակերպ բարդիների ամբողջություն: Այս կլոնալ գաղութին անվանում են Պանդո. այն համարվում է աշխարհում հայտնի ամենածանր օրգանիզմը: Դրա զանգվածը կազմում է մոտավորապես 6000 տոննա: Սակայն զանգվածի ռեկորդը աննշան է դրա տարիքային ռե
կորդի դիմաց. ծառերի գաղութի տարիքը կազմում է 80 հազար տարի: Եթե մարդու կյանքի միջին տևողությունը դիտարկենք 53 տարի, ապա իր գոյության ողջ ընթացքում Պանդոն «ճանապարհել է» մարդկանց շուրջ 1500 սերունդների:
80,000 տարեկան Պանդո