Վերջերս բախտ էր վիճակվել հանդիպել 1960-ականների հայկական ֆուտբոլի լեգենդ Սարգիս Հովիվյանի հետ, ով բազում ուշագրավ հիշողություններ ունի մեր ֆուտբոլի պատմությունից: Նա մի դրվագ ներկայացրեց, թե ինչպես ԽՍՀՄ առաջնությունում հանդես եկող Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը, որի առաջատար խաղացողն էր ինքը, 1963-ին վերանվանվեց «Արարատ»:


1960-ականների սկզբին սպորտի կառավարման ոլորտում տեղի ունեցած վերափոխումների արդյունքում, երբ սպորտային միությունները ապակենտրոնացվեցին և Հայաստանում ձևավորվեց «Աշխատանք» միությունը, պետք է փոփոխվեր նաև «Սպարտակ» թիմի անվանումը: Այդ ժամանակ Հայաստանի փաստացի ղեկավարը կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանն էր: Նշենք, որ հենց նրա անմիջական նախաձեռնությամբ Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա սկսվեցին Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման աշխատանքները։


Ինչպես պատմում է Սարգիս Հովիվյանը, Զարոբյանը ցանկանում էր, որ Երևանի ֆուտբոլային թիմի նոր անվանումը անպայման հայեցի լինի, և այդ ընթացքում իր տարբեր հանդիպումների ժամանակ հարցնում էր ուրիշների կարծիքները: Մի առիթով էլ, երբ հանդիպել էր Սարգիս Հովիվյանին, Զարոբյանը նրան նույնպես պատմել էր այդ մտադրության մասին, ասելով, որ վերջնականապես կանգ են առել «Արարատ» անվան վրա: Այդպես էլ եղավ՝ 1963-ին Երևանի ֆուտբոլային ակումբը վերանվանվում է «Արարատ», որը տարիներ անց դառնալու էր Խորհրդային Միության ուժեղագույն թիմերից մեկը:

 

Ռուբեն Շուխյան