Գնաճը ու հատկապես՝ սպառողական զամբյուղի ապրանքների գնաճը հասել է այնպիսի մակարդակների, որ անգամ ես եմ սկսել զգալ այն։ Օրինակ՝ այս ամիս մոտ մի 20 տոկոս ավել փող եմ տվել տուն, որովհետև վերջացել էր, չնայած, որ ոչ մի ավել բան չենք արել՝ համեմատած նախորդ ամիսների հետ։
Գազի գնագոյացումը տենց էլ մնաց առեղծված, որովհետև առ այսօր ոչ մի բանական բացատրություն չկա, թե ինչպես է ստացվում, որ Գազպրոմը սահմանին գազը տալիս է Գազպրոմ Արմենիային 150 դոլարով, իսկ վերջնական սպառողին գազը հասնում է 300 դոլարով։ Գործի գալուց էլ տաքսիի մեջ ռադիոյով լսեցի, որ գազալցակայաններում գազը թանկանալու է ու սովորական մարդատար մեքենաի համար այդ թանկացումը կազմելու է մոտ 800 դրամ՝ մի լիցքավորման դիմաց։
Տո լավ, հա՜, հեռու չգնամ, զուտ խորհրդարանական մակարդակի հարց ասեմ։ Հիշում եմ, որ սրանից երկու տարի առաջ Շուշան Պետրոսյանը մի հատ ոչ այնքան խելացի աղջկա ֆեյսբուքում գրել էր, որ աչքերը կհանի, երբ վերջինս ամբախ զամբախ բաներ էր գրել բանակի մասին, միանգամից մեծ շուքով հարցը մտցրին էթիկայի հանձնաժողով։ Հիմա ռեալ ու կոնկրետ քեյս կա, որ Նաղդալյանին «ձեռքից բռնել են» պետական միջոցների վատնման ու ստելու վրա, բայց ոչ մեկի վեջը չէ, որ գոնե էթիկայի հանձնաժողովում քննարկեն։ Ոչ մեկի, այդ թվում՝ ընդդիմության, կամ «ընդդիմության»՝ որոշողը դուք եք։
Փոխարենը ընդդիմությունը, կամ «ընդդիմությունը», ի դեմս յուր առաջամարտիկի ու լոկոմոտիվի՝ Նիկոլ Փաշինյանի, մեկ հատ շատ օրհասական ու բախտորոշ հարցի վրա է սևեռվել․․․ Եթե դուք տեղյակ չէիք, իմացե՛ք, մեր ամենաակտուալ հարցը այս պահի դրությամբ ՀՔԾ աշխատակիցների կաբինետների ինտերիերն է ու մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի դիմանկարների առկայությունը դրանցում։ Իմացա՞ք։
Ի՜նչ խոսք, շա՜տ բեղուն ու արդյունավետ գործունեություն է ծավալել ԱԺ-ում ներկայացված միակ ընդդիմադիր, կամ «ընդդիմադիր» կուսակցությունը։ Վախենամ, որ կրեատիվի այսպիսի դոզան չտպավորի էլեկտորատին ու այն աստիճան չտպավորի, որ ԵԼՔ-ի քաղաքական ուղեծիրը հիշեցնի գմփցնելով բացած շամպայնի խցանի ուղեծիր: