Օրերս Մինսկում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որի շրջանակներում ընդունվեցին քաղաքական հայտարարություններ, այդ թվում' Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք' ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Այս հայտարարությունից կարող ենք եզրակացնել, որ ՀԱՊԿ-ն հակամարտության կարգավորման համատեքստում ամբողջովին տիրապետում է իրավիճակին, և թույլ չի տա տարածաշրջանային ապակայունացում: Նշյալով վերահաստատվում է ԼՂ հարցի կարգավորման սկզբունքները: Այսինքն Ադրբեջանը պետք է հետևի ստանձնած պարտավորություններին, իսկ համանախագահության ձևաչափից դուրս հարցի կարգավորմաան փորձերը դատապարտված են ձախողման:
Կարող ենք փաստել, որ ՀԱՊԿ-ը միացավ Ղարաբաղի խնդրում միջազգային համաձայնությանը ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Ռուսաստանից և ՆԱՏՕ-ից հետո: ՀԱՊԿ-ն այնքան էլ հաճախ չի անդրադառնում Ղարաբաղի խնդրին, առավել ևս, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը սերտ ռազմա-քաղաքական համագործակցության մեջ են Ադրբեջանի հետ: Միաժամանակ ՀԱՊԿ-ին դժվար կլիներ մերժել ՀՀ նախաձեռնությունը, քանի որ այդ դեպքում պարզապես կհայտնվեր միջազգային քաղաքականության լուսանցքում, առավել ևս, որ Արցախի հարցում միջազգային համաձայնությանը փաստացի միացավ նաև Թուրքիան: Մյուս կողմից նաև ակնհայտ է մի հանգամանք ևս. Ռուսաստանը կարծես թե պատրաստվում է ՀԱՊԿ-ը ներգրավել միջազգային տարբեր գործողություններում, և այս բլոկին անհրաժեշտ էր որոշակի «լեգիտիմության» կարգավիճակ:
ՀԱՊԿ-ը շրջանակներում ի դերև ելան նաև Ալեքսանդր Գրիրգորիչի և Նորսուլթան Աբիշևիչի թաքուն ցանկությունները:
Արցախի խնդրում ԱՄՆ ու Ռուսաստանը բավական թափանցիկ հայտարարում են պատերազմի և ստատուս-քվոյի փոփոխության անհնարինության մասին: Թուրքիան Ադրբեջանին փորձում է հավաստիացնել, թե ամեն ինչ անում է ղարաբաղյան խնդիրն առաջ մղելու և ՌԴ-ին համոզելու համար, թեև տողատակում ակնառու է, որ Անկարան ցանկանում է ազատվել Բաքվից: Երբ Անկարան է ուզում ազատվել Ալիևից, ավելորդ է խոսել Լուկաշենկոյի մասին: Ալեքսանդր Գրիգորևիչն իհարկե շատ լավ է զգում, թե ինչ ուղղությամբ է փչում քամին: Ակնհայտ է, որ Լուկաշենկոն անկասկած չի ցանկանա Ալիևի հետ մնալ մենակ:
Հայաստանը դառնում է մի հարթակ, որի միջոցով կարող է զգալի տեղաշարժ լինել թե ՀԱՊԿ, թե ԵՏՄ միջազգային լեգիտիմության հարցում: Հայաստան-ԵՄ համաձայնագրով այդ կառույցներին և դրանցում առանցքային դեր և հավակնություն ունեցող պետություններին ընձեռված է այդ հնարավորությունը: Հայաստան-ԵՄ համաձայնագրի բովանդակությունը գործնականում լոկ Հայաստանի բարեփոխման ճանապարհային քարտեզ չէ, այլ նաև դե ֆակտո տարածաշրջանային խաղի կանոնների փոխշահավետ նախագիծ-առաջարկ ՀԱՊԿ ու ԵՏՄ համար, առնվազն Կովկասի մասով փակուղուց դուրս գալու հնարավորությամբ:
Գլխավոր հարցն այստեղ, իհարկե, այն է, թե ստեղծված իրավիճակը Հայաստանը որքանով կարող է օգտագործել ռազմավարական կամ երկարաժամկետ իրողություններ ձևավորելու համար, իրավիճակային որոշակի վարքագծային փոփոխությունը ավելի երկարաժամկետ ձևաչափերի կամ շրջանակների մեջ դնելու համար: Ակնհայտ է, որ, ղարաբաղյան թեմայով հայտարարության մասով Երևանը կարողացել է օգտագործել իրավիճակը: Սակայն ՀԱՊԿ ռազմավարական պահվածքի առումով հարցերն, իհարկե, մնում են բաց, քանի դեռ չկան վարքագծի առավել երկարաժամկետ փոփոխության նախանշաններ: