Պարսկերեն հեղինակավոր օրաթերթերից մեկը Երևանի Կապույտ մզկիթի և Արցախի մզկիթների վերաբերյալ բավականին ուշագրավ նյութ է հրապարակել, որի հեղինակը նախ նշում է, որ Ադրբեջանն Արցախի մզկիթների հետ որևէ առնչություն չունի, այնուհետև հավելում, որ, հակառակ Բաքվի անհիմն պնդումներին, հայերը ոչ միայն Արցախի տարածքում պահպանել են շիայական մզկիթները, այլև Արցախի կառավարությունը զգալի միջոցներ է հատկացրել այդ մզկիթների վերանորոգման համար:
Հոդվածի մյուս ուշագրավ մասը վերնագիրն է, որը ձևակերպված է հետևյալ կերպ՝ «Կրոնական երկխոսություն․ իրանական մշակութային ժառանգությունը Հայաստանում»: Այսինքն՝ իրանցիները Հայաստանն ու Արցախը դիտում են որպես մեկ միասնական հայկական տարածք, որն Իրանի Իսլամական Հանրապետության հետ շուրջ 180 կմ երկարությամբ սահման ունի:
Հ. Գ. Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և իսլամական աշխարհում Հայաստանի դիրքերն ամրապնդելուն ուղղված գործիքներից մեկն էլ կրոնական դիվանագիտությունն է, որից պետք է առավելագույնս օգտվենք և համապատասխան ատյաններում ճիշտ ձևակերպենք մեր պահանջները: