Շատերը ձգտում են սննդի միջոցով լցնել ոչ միայն ստամոքսը, այլև հուզական (հոգու) դատարկությունը։ Խոսքը նրանց մասին է, ովքեր ուտում են, որովհետև իրենց մենակ են զգում, ովքեր չունեն մեկին, ում հետ կկիսեին իրենց մտքերն ու ապրումները, կպատմեին իրենց համար կարևոր իրադարձությունների մասին։ Այդ երևույթը հայտնի է որպես հուզական քաղց (երբեմն անվանում են նաև նյարդային քաղց), որի հնարավոր պատճառ մասնագետները համարում են սթրեսը, տագնապի, անբավարարվածության, մենակության, ձանձրույթի, զայրույթի զգացումը։ Փորձելով ազատվել այդ հույզերից՝ մարդը կարող է տրվել դրանք պարզապես «կուլ տալու» պոռթկմանը։ Անգիտակցորեն մի զգացում է առաջանում, կարծես շոկոլադը կամ համբուրգերը կարող է, օրինակ, փոխարինել նրան, ում կարիքը զգում է մարդը, փոխարինել մտերիմ ընկերուհուն, սիրելի մարդուն, ընկերներին։
Սնունդը գուցե օգնի, բայց այդ կարճ կտևի։ Հաճելի զգացումը երկարացնելու նպատակով կրկին ուտելու ցանկությունը մեծանում է, և հուզական խնդիրները լուծելու, գործուն միջոց գտնելու փոխարեն մարդ ուղղակի սովորություն է դարձնում դրանցից փախչելու և փրկություն գտնելու համար համեղ մի բան ուտելը։
Վտանգն այն է, որ սնունդը դարձնլով հույզերը կարգավորելու միջոց, ստեղծելով հույզեր-քաղց-սնունդ-հույզեր արատավոր շղթա՝ մարդ դժվար թե լուծի մենակության խնդիրը, իսկ այ սրել ու բարդացնել այն կարող է։ Վաղ թե ուշ սննդի հետ կապված այդ վարքը կազդի կազմվածքի վրա, ինչը հազվադեպ է ավելացնում ինքնավստահությունը և ուրիշների հետ շփվելու ցանկությունը։
Ինչո՞ւ եք հենց դուք ձեզ միայնակ զգում
Հուզական քաղցի խնդիրը լուծելու համար նախ պետք է փորձել հասկանալ, թե ինչո՞ւ եք հենց դուք ձեզ միայնակ զգում։ Հնարավոր է, որ այդ զգացումն առաջացել է ոչ թե մտերիմ մարդկանց բացակայության պատճառով, այլ այն պատճառով, որ վաղուց նրանց չեք տեսել։ Այդ դեպքում բավական է միայն գնալ և հանդիպել ընկերներին։
Մենակության զգացում կարող է առջանալ մեկ այլ պատճառով ևս՝ հարաբերությունների մակերեսայնություն։ Այսինքն՝ կա մեկը, ում հետ կարող եք ժամանակ անցկացնել, սակայն վախենում եք նրա հետ կիսել ձեր նվիրական մտքերը, հույզերը կամ ապրումները (բա որ հանկարծ սխալ հասկանան կամ քննադատե՞ն)։ Այդ վախը հաղթահարելու նպատակով լավ կլինի գտնեք մեկ-երկու մարդու, որոնց կարելի է վստահել, և համոզվեք, որ բացասական գնահատականից վախն անհիմն է առաջանում։
Մենակության զգացումը և դրանից առաջացած հուզական քաղցը կարող են այլ պատճառներ էլ ունենալ։ Գլխավորը դրանք լավ վերլուծելը և բնույթը հասկանալն է, դրանք լուծելու գործուն ու կառուցողական միջոցներ գտնելը։ Դիմեք մասնագետի՝ հոգեբանի, եթե չի հաջողվում ինքնուրույն գտնել լուծումը։