Իսրայելը պատրաստ է միայնակ գործել և թույլ չտալ Իրանին ունենալ միջուկային զենք ու ռազմակայան կառուցել Սիրիայում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Նա Թեհրանին մեղադրել է սիրիական հակամարտությունն օգտագործելու և Իսրայելի սահմանների մոտ ամրապնդվելու մեջ։
Ըստ նրա, Իրանը փորձում է մշտական ծովային, ցամաքային և օդային ռազմական ներկայություն ունենալ Սիրիայում, որպեսզի ոչնչացնի Իսրայելը։
Իսրայելը փորձելու է ամեն ջանք գործադրել, այդ թվում «բուֆերային գոտի» ստեղծել Լիբանանի և հնարավոր է նաև Սիրիայի հարավում'դրուզներին ու սեփական ազգային անվտանգությունը պաշտպանելու պատրվակով, որպեսզի թույլ չտա իր հյուսիսում «շիական միջանցքի» ձևավորում, որը սկիզբ է առնելու Լիբանանի հարավից'Հզբոլահի հսկողության տակ գտնվող շրջաններից ու հասնի Սիրիայի հարավային շրջաններ։
Այդ «առանցքը» ճեղքելու համար Իսրայելը դիմելու է ռազմական միջամտության'ԱՄՆ–ում ուժեղ են իսրայելամետ տրամադրություններն ու հրեական լոբբին, իսկ Թրամփի'Իրանին զսպելու ռազմավարությունը, որը կիսում են Սաուդյան Արաբիան ու Ծոցի միապետությունները, բացառությամբ թերևս Կատարի, տեղավորվում է Իսրայելի գործողությունների տրամաբանության մեջ։
Իսրայելը, սակայն, ունենալով հզոր բանակ պետք է հաշվի առնի նաև Իրանի proxy–ի ուժերը Իսրայելի հարևանությամբ'Հզբոլահը, Սիրիայում գտնվող շիական ուժերը, ՀԱՄԱՍ–ի հնարավոր զինում ու ուղղորդումը հարվածելու Իսրայելին, ինչպես նաև Սինայում տարբեր իսլամիստական խմբավորումների ֆինանսավորումն ու Իսրայելի հարավում նոր ճակատ բացելու հնարավորությունը։