Մեր ապրած կյանքը նման է մղձավանջի, որտեղ խառնափնթորված ու անճանաչելի են դարձած չարն ու բարին, ամբարտավանությունն ու ազնվությունը, պոռնկությունն ու բարոյականությունը, կեղծիքն ու ճշմարտությունը, որտեղ առաջնայնացված են արտաքնայնությունն ու ձևականությունները և առհամարհված են Մարդկային էությունն ու բովանդակությունը…
Հրաժարվելով արարչականորեն շնորհված (անհավատների համար՝ հազարամայակների ընթացքում ձեռք բերված) ՄԱՐԴՈՒՆ հատուկ գլխավոր առաքինություններից, այսօրվա մարդը յուրացրել և իր էության բաղկացուցիչն է դարձրել ամեն տեսակի մեղքերն ու անիրավությունները, որոնք մարդու մեջ անասնական անհագ ցանկություններ արթնացնելուց զատ, նրան ավելին տալ չեն կարող:
Տեղի է ունեցել մարդուն ՄԱՐԴ պահող բոլոր հասկացությունների նենգափոխում:
Մարդու մերժելի բնություններից գոռոզությունն ու նախանձը, ագահությունն ու անառակությունը, որկրամոլությունն ու ընչասիրությունը, սուտն ու կեղծավորությունը ստանալով այլ մեկնաբանություններ, այսօր, իրեն քաղաքակիրթ անվանող աշխարհի կողմից ներկայացվում են որպես մարդկության առաջընթացը խթանող գաղափարներ:
Այսպես: Ինքնահավանությունն ու գոռոզությունը վերաիմաստավորվել և դարձել են արժանապատվության զգացում, չարությունն ու նախանձը՝ մրցակցության ձգտում, սուտն ու կեղծիքը, սեփական կարծիքն ունենալու իրավունք, ամեն բան ձեռք բերելու անհագ ցանկությունն ու ագահությունը՝ հաշվենկատություն, սեռական սանձարձակությունն ու շնությունը՝ գենդերային ազատամտություն, որկրամոլությունը՝ համեղաճաշակություն, ընչաքաղցությունը՝ լավ կյանքի ձգտում, և այլն, և այլն:
Բացասականից դրականի վերածված այս եղկելի բնավորությունները առօրյա կյանք են սղոսկել շրջանառության մեջ դրված բազում իմաստազուրկ, սակայն ձգողականության մեծ ուժ ունեցող բառերի ու բառակապակցությունների միջոցով, որոնք վարակի նման տարածվելով, ծածկել են հասարակական մտածողության ողջ տարածքը, արժեզրկելով և այնտեղից դուրս մղելով մարդուն ՄԱՐԴ պահող բոլոր կարևորագույն հասկացությունները: Այդ բառերը բթացրել ու խեղել են մարդու մտածողությունը, ստեղծելով ներկայի, և առավել վտանգավոր, նաև ապագայի կեղծ պատկերներ:
Այս բառերն ու բառակապացությունները մարդու համար կյանքի այլ նպատակայնություններ, լինելության այլ չափորոշիչներ են առաջնայնացրել: Մարդը, շնորհված լինելով Տիեզերքի գաղտնիքների իմացության, ճշմարտության որոնման ենթագիտակցական ձգտումներով, արդարության և կատարելության հաստատման նպատակադրությամբ, գեղեցկության ու մաքրության ներդրման փնտրտուքով, երկրային ներդաշնակության պահպանման առաքելությամբ, հասկացությունների նենգափոխման միջոցով գահավիժել և վերածվել է զուտ նյութական աշխարհով սահմանափակված մի շահամոլ, ագահ ու ընչաքաղց արարածի: Այսօրվա մարդու համար կարևորված են կյանքի վայելքներով փառավորվելու, թեթև ապրելու, միայն սեփական հաճույքների ու մարմնավոր բավարարումների համար անրջելու, սոսկ սպառելու մասին երազելով օրերն անցկացնելու բաղձանքներն ու ցանկությունները…
Շատերը, գուցե, ենթագիտակցորեն զգալով այսպիսի ապրելակերպի բովանդակային անիմաստությունն ու կործանարարությունը, ցանկանում են փոխվել, ԴԱՐՁԻ գալ ու սկսել ապրել Մարդուն վայել կյանքով: Սակայն, ինչպես քնային կաթվածի մեջ է լինում, արթնանալ չի ստացվում, քանզի «…ինչպես ողջ քաղաքակիրթ աշխարհը…», «բիզնես, մրցակցություն, բարգավաճություն, գենդերային հավասարություն, սեփական իրավունքների առաջնայնություն…» և ամենուր թևածող նման բազմաթիվ անիմաստությունները մարդուն ձգում ու տանում են դեպի անդունդը, դեպի կործանում…