Շատ լավ լուր ԵՎՐԱՆԵՍՏ֊ից!
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիևում մասնակցում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը Կիևից հայտնել է, որ վեհաժողովի աշխատանքների համար խորհրդարանական պատվիրակության կողմից պատրաստվել և շրջանառվել է «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձևի հրատապ նախագիծ, որն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստում:
Ընդունված բանաձևը հղում է կատարում միջազգային բազմաթիվ իրավական ակտերի և փաստաթղթերի, այդ թվում նաև ռոբոտաշինության ոլորտի 116 հիմնադիրների և 26 պետությունների առաջատար կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ին հղված նամակին՝ մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության և դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ:
«Հայկական պատվիրակության ներկայացրած բանաձևը նախևառաջ վերաբերում է վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը: Այս կապակցությամբ հարկ է հիշատակել վերջին շրջանում Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից զենքի վաճառքի և արտահանման հետ կապված իսրայելական արտադրողի լիցենզիայի ժամանակավոր կասեցման նախադեպը՝ կապված Ադրբեջանի հորդորով Լեռնային Ղարաբաղում դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածների հետ»,- հաղորդել է պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:
Ընդունված բանաձևի համապատասխան կետով Վեհաժողովը կարևորում է ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ ինքնավար զենքերի թիրախավորված կիրառումը: Արևելյան գործընկերության երկրներին նաև կոչ է արվում նպաստելու թափանցիկ և հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների կամ այսպես կոչված 'killer robot-ների' կիրառման հետ: Բանաձևում կարևորվել է նաև հակամարտության գոտիներում հետաքննության մեխանիզմների ներդրումը՝ նպատակ ունենալով բացահայտել և կանխարգելել այնպիսի մեխանիզմները, որոնք ուղղված կլինեն հակամարտության գոտիներին հարակից տարածքներում ապրող խաղաղ բնակչության նկատմամբ կամայական գործողությունների իրականացմանը:
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:#ArmCFR