Հիմա, երբ հետադարձ հայացք ես գցում, տեսնում ես, թե մի քանի տասնամյակների ընթացքում ներկայումս արդեն տարօրինակ թվացող որքան սովորույթներ են փոխվել մեր մոտ և այժմ դարձել միայն պատմություն: Եվ դա լավ է. հասարակությունը չի կարող միշտ անշարժ, քարացած մնալ, և նորը պետք է մշտապես գա ու փոխարինի հնին:
Ճիշտ է, տխուր թեմայից եմ հիմա խոսելու, բայց իմ սերունդն, օրինակ, կհիշի, թե սովետական տարիներին ինչ ծիսակարգով էին ընթանում քաղաքներում, կոնկրետ՝ Երևանում, թաղման արարողակարգերը: Նախ, և հոգեհանգիստն էր կատարվում, և հոգեհացն էր տրվում հանգուցյալի տանը, և այլ կերպ այն ժամանակ ուղղակի հնարավոր էլ չէր: Հիմա դժվար թե մեր նոր սերունդն այդ ամենը պատկերացնի, բայց, երիցս կներեք, այդ ամենին շատ դեպքերում մշտապես ուղեկցում էր խոհանոցում եփվող խաշլամայի հոտը: Այդ առումով՝ ինչքան ճիշտ տարբերակ էր սգո սրահների հայտնվելն արդեն մեր ներկա իրականությունում: Իսկ մի քանի տասնամյակ առաջ, հիշում եմ, անգամ հանգուցյալի լուսանկարներն էին պատվիրվում և սև ժապավեններով ու քորոցներով փակցվում բարեկամների բաջկոններին:
Բայց դա դեռ ոչինչ: Այսօրվա երիտասարդ սերնդի համար ամենազարմանալին կլինի իմանալ, թե ինչպես էր սգո թափորն ուղեկցվում հանգուցյալի տնից՝ դեպի հուղարկավորության վայր: Այդ պահին փակվում էր փողոցը, կանգ էր առնում երթևեկությունը և թափորը պետք է մի ինչ որ հատված ոտքով անցներ: Իսկ այդ ընթացքում քաղաքի այդ ողջ թաղամասով մեկ փողային նվագախումբը բարձր հնչեցնում էր Ֆրեդերիկ Շոպենի սարսափազդու «Սգո քայլերգը»՝ վախ և անելանելիություն սփռելով շուրջ բոլորը: Երևի սովետական պետական չափարոշիչներով էր դա, որ միայն այդ մարշը կարելի էր տվյալ դեպքում նվագել: