ՌԴ նախագահ Պուտինի ելույթը Վալդայան ակումբի նիստի ժամանակ որոշակի ոգևորություն առաջացրեց Ռուսաստանի երբեմնի փառքը վերածնելու կողմնակիցների շրջանում: Նրա խոսքը միանշանակորեն գնահատվեց որպես ԽՍՀՄ ապամոնտաժման սկզբնափուլից մեկնարկած տևական նահանջի ավարտ ու նոր՝ հարձակվողական ու նախաձեռնողական արտաքին քաղաքական գիծ որդեգրելու հաստատակամ որոշման արձանագրում: Սա նաև արձանագրումն էր այն իրողության, որ հակառակ բոլոր գործադրված ջանքերի Ռուսաստանին չի հաջողվել ինտեգրվել արևմտյան քաղաքական, տնտեսական ու ռազմական համակարգին և ռուսական կողմն այլևս հույս չունի, որ նման ինտեգրման գոնե նվազագույն հնարավորությունը դեռ պահպանվում է:
Երբ պետության ղեկավարը խոստովանում է, որ օտար գործընկերներն ավելի քան երկու տասնամյակ շարունակ խոստումնազանց և անազնիվ են գտնվել, ապա դա նշանակում է, որ իր երկրի համապատասխան պետական կառույցներն ու մասնագիտական շրջանակներն ինչ-որ բան սխալ են հասկացել ու հաշվարկել: Դա էլ, իր հերթին, հանգեցրել է նրան, որ գործընկերների այդօրինակ պահվածքը տարիներ շարունակ անտեսվել է կամ սխալ ընկալվել և գնահատվել: Երևի թե ռուսական կողմի ամենամեծ բացն այն է եղել, որ ակնկալիք կար, թե բոլոր առկա խնդիրները հնարավոր է լուծել փոխպայմանավորվածությունների հիման վրա և կողմերի ուժերի ու շահերի հավասարակշռություն սահմանել թղթի վրա՝ համարվել է, որ գրվածով է իրականությունը ձևավորվում, այլ ոչ թե իրականությունն ինքն է պարտադրում համարժեք արձանագրումներ կատարել թղթի վրա:
Ռուսաստանյան քաղաքական վերնախավի աշխարհայացքային բացերի հետևանքներից մեկն էլ այն է, որ նեղսրտելով այն փաստից, որ Արևմուտքը Կրեմլի հետ իր քայլերը համաձայնեցնելու, վերջինիս հետ խորհրդակցելու նվազագույն ցանկությունն անգամ չունի, այն չի կարողանում հասկանալ այդ պահվածքի իրական պատճառը: Հակադրելով համընդհանուր հավասարակշռության հասնելու իրենց ցանկությունը Արևմուտքի կողմից որդեգրված կառավարելի քաոսի դոկտրինին ռուսները, թերևս, անկեղծ են, սակայն երևի թե չեն անդրադառնում այն հանգամանքին, որ կառավարելի քաոսի այլընտրանքը ոչ թե համընդհանուր հավասարակշռությունն է, այլ անկառավարելի քաոսը: