Իրաքի Քրդստանում անցկացված հանրաքվեից և դրան հաջորդած զարգացումներից ավելի շատ շահեցին քրդական խնդրով մտահոգված երկրները, քան քրդերը, որոնց աննախադեպ ոգևորությունն ու մասնակցությունը հանրաքվեին կարծես թե նրանց մոտեցնում էր Քրդստանի անկախացման գործընթացի սկզբին:

 


Իրաքի Քրդստանի ղեկավարությունը՝ ի դեմս Մասուդ Բարզանիի, վերջնականապես հեղինակազրկվելուց խուսափելու նպատակով Բաղդադին հղած առաջարկության մեջ կիրառել է ոչ թե հանրաքվեի «կասեցում», այլ «առկախում» արտահայտությունը՝ հույս ունենալով հնարավոր բանակցությունների տապալումից հետո կրկին խաղարկել հանրաքվեի խաղաքարտը:

 


Հանրաքվեից հետո տեղի ունեցած գործընթացները, հատկապես Քիրքուքի անկումը միանշանակ կխաթարի քրդերի՝ առանց այդ էլ երերուն միասնությունը: Ի տարբերություն Բարզանիի կուսակցության՝ Իրաքի Քրդստանում ընթացող ներքաղաքական զարգացումներով պայմնավորված Քրդստանի հայրենասիրական միության դիրքերը որոշակիորեն կամրապնդվեն:

 


Ինչ վերաբերում է քրդական խնդրով մտահոգված երկրներին, ապա քրդական խնդիրը նախ ավելի ուժեղացրեց Իրաքի կենտրոնական իշխանությունների, ապա «հաշտեցրեց» Իրանին ու Թուրքիային, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին փորձեց իր ազդեցությունը մեծացնել ինչպես բուն Իրաքում, այնպես էլ Իրաքի Քրդստանում: Պետք է նշել, որ առավել ակտիվություն ցուցաբերեց Իրանը, և հատկապես վերջինիս նշանակալի ձեռքբերումներից մեկը «Հաշդ ալ-Շաաբի»-ի հաջող գործողություններն էին Քիրքուքում, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Սոլեյմանիի միջնորդական առաքելությունը Էրբիլում: