Խոսելով Հայաստան-ԵՄ քաղաքական համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին, ԵԼՔ դաշինքի առաջնորդներից Էդմոն Մարուքյանը հայտարարեց,որ Ռուսաստանը դեմ չէ քաղաքական այդ համաձայնագիրը ստորագրելուն,որովհետև գիտի,որ այս համաձայնագիրը տարբերվում է նրանից, ինչ առաջարկվում էր 2013 թվականին: Նկատի ունի Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունն ու ասոցացման պայմանագրի մերժումը: Գիտեք,մեկ բան է,երբ սրա մասին խոսում են Հայաստանում ռուսական քաղաքականությունը կարևորողները, մեկ այլ բան,երբ արժեքային համակարգով իսկապես արևմտամետ քաղաքական գործիչը: Ինչ կարող ենք հասկանալ սրանից: Նախ այն,որ հերթական անգամ համոզվում ենք,որ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման մեջ իսկապես կեղծ է արևմտամետ ու ռուսամետ արտաքին կողմնորոշման բանավեճը:
Այդպիսի բան չկա ու չի կարող լինել հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը: Հայաստանը իսկապես ունիկալ երկիր է,որը հաջողությամբ համագործակցում է երկու հզոր բևեռների հետ՝ արևմուտքի ու Ռուսաստանի,ինչու ոչ նաև Իրանի: Աշխարհի ոչ մի երկիր չեք գտնի ուրիշ,որ լինելով վերոնշյալ բևեռների ազդեցության ու շահերի բախման կենտրոնում, բարեհաջող լեզու է գտնում նրանցից յուրաքանչյուրի հետ: Փառք ու պատիվ նաև Մարուքյանին,ով ի պատիվ իր մյուս այսպես կոչված արևմտամետ գործընկերների,հրաշալի հասկանում է Հայաստանի դրություննն ու շահը:
Որոշողը ասյ պահին Ռուսաստանն է ,որովհետև նա է ապահովում Հայաստանի անվտանգությունը հայ-թուրքական սահմանին: երբ Հայաստանի բնակչությունը կլինի այնքան,որ ի վիճակի կլինի առանց կողմնակի ազդեցության պաշտպանել ամբողջ տարածքը,երբ այնքան զարգացած կլինի,որ արդեն ինքը կորոշի,այլ ոչ թե կախված կլինի աշխարհաքաղաքական բևեռներից,այն ժամանակ էլ գուցե մեր երկրում իրական բանավեճ կծավալվի,թե իրականում ում հետ պետք է համագործակցել ու ում հետ ոչ։ Իսկ այժմ,քյանդրբազություն անելու փոխարեն ավելի լավ է Հայաստանը շենացնել, զարգացնել,ու ամենակարևորը՝ հասկանալ Հայաստանը իր ամբողջ թերություններով ու առավելություններով հանդերձ: Սա յուրաքանչուրիս պարտքն է:
Կարեն Համբարձումյան