Այսօր կրկին հանդիպելու են Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը և ըստ ամենայնի՝ կրկին ոչ մի միկրոբեկում չի լինելու։ Մեծ հաշվով, կտրուկ բեկման ռեալ հնարավորություններ էլ չկան, բայց չի էլ կարելի ասել, որ որևէ ակնկալիքներ ունենալը սին բան է։
Մեծ հաշվով, բանակցային գործընթացի այս փուլում տեսանելի դրական շարժումը սկսվում և ավարտվում է Սանկտ-Պետերբուրգում ու Վիեննայում ստանձնած պարտավորությունների ի կատար ածման տեսլականով, որոնցից առանցքայինը միջադեպերի հետաքննության վստահելի մեխանիզմների ներդրումն է։ Ու մեծ հաշվով՝ վերջին տարում բանակցությունները ընթացել են հենց այդ առանցքի շուրջ․ Հայաստանը ասելիս է եղել, որ մինչև դա չարվի, ոչ մի ուրիշ բանի շուրջ իմաստ չկա բանակցելու, Ադրբեջանն էլ անում է հնարավոր ու անհնար ամեն բան, որպեսզի չկատարի արդեն ստանձնած պարտավորությունները։
Հիմա հետաքրքրական այսօրվա հանդիպումը չէ՝ որպես այդպիսին, այլ դրա հարակից պրոցեսսները։ Վերջին ամիսների զարգացումները, միջնորդ երկրների պաշտոնական ու ոչ պաշտոնական հայտարարությունները, ինչպես նաև նախանշվող մի շարք այլ աշխարհաքաղաքական պրոցեսսներ (օրինակ՝ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը), կարելի է ենթադրել, որ այս հանդիպումը, այնուամենայնիվ, «հերթականը» չի լինելու։
Հայաստանի ակնկալիքները չի կարելի ասել, որ փոխվել են, բայց դիրքորոշումը կոշտացել է՝ միջնորդները պետք է ավելի հետևողական լինեն Ադրբեջանի նկատմամբ, որովհետև եթե հիմա չեն կարում հետաքննության մեխանիզմի պես թեթև հարցում Ադրբեջանին պարտադրել Ադրբեջանի իսկ կողմից ընդունված պարտավորություն, ապա ինչպե՞ս են վաղը ավելի լուրջ հարցերում անելու դա։
Մյուս կողմից, հարցի արդի կոնյունկտուրայում գործում է չհնչեցվող, բայց բոլորի համար հասկանալի մի ստատուս քվո, համաձայն որի ՄԽ կոնտեքստում գլխավոր խաղացողը ՌԴ-ն է, հետևաբար այս ակնկալիքներն էլ առավել շատ ուղղված են հենց ՌԴ-ին։
Ելնոլով վերոգրյալից, կարծում եմ, որ շատ հարցեր, այդ թվում շրջանակային համաձայանագրի հետագա ճակատագիրը մեծապես պայմանավորված է նրանով, թե որքանով արդյունավետ կլինի այս հանդիպումը ու որքանով այդ արդյունավետությունը, կամ էլ անարդյունավետության դեպքում՝ Ադրբեջանին սանձելուն ուղղված ռուսական քայլերը որքանով վճռական կլինեն ու որքանով դուր կգան հայկական կողմին։