Եթե ընտանիքում բռնություն է տեղի ունեցել, թող կինը գնա, դիմի բժշկի։ Սա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կարծիքն է «Ընտանեկան բռնությունների կանխարգելման» օրինագծի դեմ, որը հանրային քննարկումներից հետո պետք է քվեարկության դրվի նաև ԱԺ-ում։ Արդ, երբ հանրապետական սույն պատգամավորը տարբերություն չի տեսնում ընտանեկան ու սովորական բռնության միջև, չի տեսնում, որ այստեղ խոսքը վերաբերում է սոցիումի մեջ տղամարդու ու կնոջ, ընտանիքի փոխհարաբերություններին, դրա հիմնադրույթներին և այլն, ապա մեզ ոչինչ չի մնում ասելու։
Եվ առհասարակ, զարմանալի է, թե ոնց է ՀՀԿ-ն մինչ այժմ հանդուրժում նման պատգամավորին, ով առավոտից իրիկուն զբաղված է միայն «այլասերված Եվրոպա», «հայու գեն» աղաղակելով։ Իր հերթին, սակայն, սրա մեղավորը նաև հենց իշխող խմբակցությունն է, որտեղ տպավորություն է, որ շունը տիրոջը չի ճանաչում։ Կառավարությունը նախագիծ է ներկայացրել, սակայն կուսակցությունից դժգոհ են այս որոշման վերաբերյալ։
Ինչ խոսք, միգուցե սա նաև որոշակի քաղաքականության արդյունք է՝ մշակված Սերժ Սարգսյանի կողմից, երբ նա փորձում է իրեն հատուկ զգուշավորությամբ արդեն կուսակցության մեջ բալանսավորում մտցնել՝ սրանով փորձելով նեղը գցել վարչապետ Կարեն Կարապետյանին, ում ենթակայության տակ է նաև Արդարադատության նախարարությունը։ Այնպես որ, միգուցե Բաբուխանյանի հայտարարությունը հենց այնպես հայտարարություն չէ ու արված է յուր վերադասի կողմից։ Հայաստանում արդեն ոչինչ չպետք է բացառել։