826 կմ երկարությամբ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը պատրաստ է շահագործման ու Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի պաշտոնյաները ծանոթացել են աշխատանքների իրականացման հետ։
ԲԹԿ-ի շահագործումը թույլ կտա բեռներ տեղափոխել Թուրքիայից և ԵՄ-ից դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան ու հակառակ ուղղությամբ։
Այդ երկաթգծի շահագործումը ձեռնտու կլինի նաև Ուզբեկստանի համար' Նավոյի լոգիստիկ միջանցքով, Կասպից ծովով դեպի Բաքու, իսկ այնտեղից բեռները ԲԹԿ-ով կտեղափոխվեն Հարավային Եվրոպա։
Ուզբեկստանին հուզող միակ հարցը «գին-որակ» հարաբերակցությունն է, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուզբեկստանը գտնվում է դեպի Չինաստան Մետաքսի ճանապարհի վրա, ապա այդ երկիրը կարող է վերածվել նաև տարանցիկ միջանցքի։
Այս տարվա վերջին առաջին գնացքներն են մեկնելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով, Թուրքիան նույնպես դուրս է գալու Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա և Չինաստան Ադրբեջանով ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքով:

Անկարան Բաքու-ղազախական Ալյաթի նավահանգստով, ինչպես նաև Բաքու-Թուրքմեննաշի ուղղությամբ լաստանավային փոխադրումներով դուրս է գալու իր համար կարևորություն ունեցող թուրքմենական շուկա:
Ադրբեջանը դառնում է Թուրքիայի պատուհանը դեպի թյուրքական աշխարհ՝ Կենտրոնական Ասիա ու Սինցզյան, ինչպես նաև հակառուսական արտաքին քաղաքական վեկտոր ունեցող երկրներին՝ Վրաստան, Ուկրաինա, միջանցք տրամադրում՝ ՌԴ-ն շրջանցելու և ՌԴ-ից տարանցիկ կախվածության թուլացման համար:
Նշենք, որ Թուրքմենստանը որոշում է կայացրել Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարության իրականացման վերաբերյալ: Թուրքմենբաշու միջազգային առևտրային նավահանգստի հիմնարկեքին մասնակցել են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքմենական նոր նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, ինչպես նաև տարբեր արդյունաբերական նշանակության ապրանքների տեղափոխությամբ զբաղվող նավեր: Թուրքմենբաշիի նոր նավահանգստի ընդհանուր մակերեսը կկազմի 1 միլիոն 200.000 քմ տարածք:
Դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ և երկաթգիծ, որպեսզի նավահանգիստը ձեռք բերի տարանցման մեծ հնարավորություններ՝ դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ և Չինաստան:
Թուրքմենստանը ցանկանում է Կասպից ծովի տարածաշրջանում վերածվել Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա՝ TRACEKA միջազգային տրանսպորտային-կոմունիկացիոն միջանցքի կարևորագույն օղակի և Մերձկասպյան տարածաշրջանի յուրօրինակ դարպասների՝ Նոր մետաքսե ճանապարհի վրա:

Կասպից ծովի ավազանում Թուրքմենստանի կողմից նախատեսված խոշորագույն տրանսպորտային, ինչու ոչ և աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող այս նախագիծը միակը չէ Կասպյան ավազանում:
Կասպից ծովի արևմտյան՝ ադրբեջանական ափին նախատեսվում է Բաքվի մերձակայքում կյանքի կոչել Ալյաթ նոր նավահանգիստը, որն իր հերթին տրանսպորտային՝ լաստանավային փոխադրումներով կկապվի Թուրքմենբաշիի նոր նավահանգստի հետ՝ կազմելով Կասպյան ավազանում նոր տրանսպորտային ինտեգրացիայի մի մասնիկը:
Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթ ավանում կառուցվող նավահանգիստը, որի շինարարությունը սկսվել է 2010 թ.-ին նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2015թ.-ը: Տարեկան նոր նավահանգիստը կկարողանա ընդունել մինչև 11.5 միլիոն տոննա բեռ, բացի այդ՝ Ալյաթ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ:

Թուրքմենստան-Ադրբեջան՝ Ալյաթ և Թուրքմենբաշի նավահանգիստների միջև տրանսպորտային երկկողմ կապերը կդառնան եռակողմ, երբ այս տրանսպորտային յուրօրինակ միջանցքին կմիանա նաև Ղազախստանի Աքթաու նավահանգիստը, որից այժմ նավթ, գազ և այլ բեռներ են տեղափոխվում Բաքվի նավահանգիստ, այնուհետև երկաթգծով դեպի Սև ծովի Բաթում և Փոթի նավահանգիստներ և ԵՄ:
Կասպյան ավազանում կձևավորվի յուրօրինակ Մերձկասպյան թյուրքական երկրների տրանսպորտային եռանկյունի՝ Աքթաու-Ալյաթ-Թուրքմենբաշի ուղղություններով: Այդ նոր միջանցքը կշրջանցի Ռուսաստանին և թույլ կտա Մերձկասպյան երկրներից Թուրքմենստանին և Ղազախստանին նվազեցնել իրենց տարանցման հետ կապված կախվածությունը Ռուսաստանից՝ դիվերսիֆիկացնել արտահանման ուղղություններն արևմտյան ուղղությամբ:

Ադրբեջանն էլ վաղուց հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել իր տարանցիկ հնարավորությունները՝ երկաթգիծ, ավտոմայրուղիներ, գազանավթատարներ կենտրոնական ասիական երկրների համար՝ դառնալով Ղազախստանի և Թուրքմենստանի համար պատուհան դեպի Արևմուտք և Թուրքիա: