Բաքվում շվարած են և զայրացած: Պատճառը, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի կողմից ղեկավարվող «Արևմտահայերի ազգային խորհուրդ» ՀԿ-ի կողմից մի խումբ թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների այցի կազմակերպումն էր Արցախ: Արագած Ախոյանի ղեկավարած պատվիրակությունն Արցախ այցի վերջում մամլո ասուլիս էր տվել Ստեփանակերտում: 


Ադրբեջանում շատ ցավագին են ընդունել իրենց եղբայրների այցը Արցախ: Ալիևյան ԶԼՄ-ներից մեկը նույնիսկ հարցազրույց էր վերցրել թուրք գործիչներից մեկից՝ Ուֆուկ Ուրազից, ով անդրադառնալով իր անունը Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակում» հայտնվելուն ասել է. «Ինչ արած, ուրեմն այդպես էլ պետք է լիներ: Ես չեմ պատրաստվում այն վիճարկել»: Ուրազը նաև չի համաձայնվել ազերի լրագրողի այն կարծիքի հետ, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Ազերի լրագրողին հատկապես զայրացրել է Ուրազի այն կարծիքը, որ հայերն ու ադրբեջանցիները պետք է իրար հետ ապրեն Արցախում:  


Ժամեր անց Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիների դեմ: 


Սա առաջին դեպքն է, որ Արցախ են այցելում մի խումբ թուրք գործիչներ: Բաքվում հենց սա են սարսափելի ծանր տանում: Բաքուն միլիոններ է ծախսում հակաարցախյան քարոզչության վրա: Այդ քարոզչությունը տարբեր կերպ է իրականացվում, նույնիսկ օտարերկրացիների են ձերբակալել տալիս, որ վախեցնեն Արցախ այցելողներին: Ու հանկարծ այս ամենից հետո Արցախ են այցելում ազերիների եղբայրները՝ թուրքերը: Բաքվում սա դիտել են որպես հարված թիկունքից: 


Հ.Գ.Հիանալի միտք է: Այսուհետ պետք է խրախուսել Թուրքիայի քաղաքացիների այցն Արցախ:


Գագիկ Համբարյան